Կրթության բովանդակությունը հակապետական է եղել, այժմ փոխում ենք այդ բովանդակությունը. ԿԳՄՍ նախարար


Չի կարող պետության հարատևություն լինել առանց կրթության, բարձրորակ և համընդհանուր հասանելի կրթության։ Այս մասին ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում պանելային քննարկման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այսօր մենք բոլորս տեսնում ենք այն կրթական համակարգի հետևանքները, որի առանցքում ամենևին էլ պետությունը չի եղել։ Եվ անկախ նրանից, թե մենք ինչ որակով այդ կրթությունը կիրականացնեինք, եթե այդ կրթության բովանդակությունը հակապետական է, ապա այստեղ չեմ կարծում, որ որակը պակաս կամ ավել, բերելու էր մեր խնդիրների լուծմանը։

 

Առաջինը, ինչին պիտի ուշադրություն դարձնենք, դա կրթության բովանդակությունն է։ Ինչի շուրջ ենք մենք կառուցում մեր մոտեցումները։ Եվ տևական ժամանակ, այո, այդ մոտեցումները եղել են հաճախ նույնիսկ հակոտնյա պետությանը։ Եվ այսօր կրթական բարեփոխումների մի շատ մեծ ծավալ ուղղված է կրթության բովանդակության փոփոխությանը։ Դա շատ բարդ փոփոխություն է և այնպես չի, որ մեկ օրում այդ փոփոխությունը կարող է տեսանելի լինել։ Բայց դա նաև մի փոփոխություն է, առանց որի մեր բոլոր մնացած ջանքերը չեն հասնելու տեղ։ Մենք կարող ենք կառուցել լավագույն դպրոցները և այդտեղ շարունակենք ունենալ այդ կասկածելի բովանդակությունը»,–ասաց նա։



Անդրադառնալով ակադեմիական քաղաքին, Ժաննա Անդրեասյանն ասաց, որ դա միայն միջավայր ու ենթակառուցվածք չի, այդ նաև այսպիսի մարդկային կարողությունների համախմբում, որի միջոցով այդ մրցունակությունը ապահովելու են։

«Մենք վստահ ենք, որ այս գործընթացի արդյունքում մեր բոլոր կրթական հաստատություններում պետք է լինեն մարդիկ, որոնք սովորեցնում են առաջին հերթին իրենք սովորելով և կարծում եմ, որ սա անպայման բաղադրիչն է կրթության համակարգում ներգրավվածություն ունենալու համար»,– ընդգծեց ԿԳՄՍ նախարարը։


Leave a Comment