9 դեկտեմբերի 2025 – 13:56 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում, արձագանքելով այն լուրերին, թե իշխանությունները իբր նախատեսում են բարձրացնել կենսաթոշակային տարիքը, գրել է, որ նման հարց չի քննարկվում։
«Հերթական նորաթուխ «փորձագետը» արդեն ավանդական դարձած հիբրիդային հարձակումների շրջանակներում livenews-ի եթերում հերթական սուտն է հրամցնում հասարակությանը, թե իբր մենք պատրաստվում ենք բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Ու դա անում է դեմքի այնպիսի լրջությամբ, իր կողմից հորինված փաստարկների այնպիսի գերդոզավորմամբ, որ սկսում ես զարմանալ վերջինիս դերասանական հմտությունների վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս օրերս Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ այս թեմային` հստակ նշելով, որ նման հարց չի քննարկվում:
Չեմ զլանա նորից ասել` սա հերթական անամոթ սուտն է` օրը ցերեկով»,–գրել է նա։
ՀՀ–ում կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին։