Վազգեն Սրբազանին թեմ են հրավիրել մեկ ամիս առաջ, երբ նա ակտիվ քաղաքականության մեջ չի եղել

Կիրակին դարձյալ «բարենորոգչական էր» Նիկոլ Փաշինյանի համար․ այս անգամ նա ու իր հավատացյալների շրջիկ խումբը Գյումրիի «Յոթ Վերք» եկեղեցում էին «պատարագի» մասնակցում։

Պատարագիչն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, Մայր Աթոռի երբեմնի հավատարիմ միաբան, Վեհափառ Հայրապետի ներողամտությունից բազմիցս օգտված ու այն «անառակ որդու» նման վատնած Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն էր։ Նա տասից մեկն էր, որը պահանջում էր Կաթողիկոսի հրաժարականը։

Մի կողմ թողնենք հանգամանքը, որ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդն արդեն ամիսներ է՝ լքել է իր ծառայության վայրը, և անդրադառնանք նրա վերջին գործողություններին ու հայտարարություններին։

Որտե՞ղ է եղբայրդ, Վազգե՛ն․․․

Գյումրիում մատուցված պատարագի ժամանակ հատկապես աչք էր ծակում այն հանգամանքը, որ Վազգեն Միրզախանյանին չխանգարեց Շիրակի թեմի առաջնորդի՝ խոսքի համար կամայականորեն կալանավորված Միքայել Սրբազանի դրվագը, Վազգեն Սրբազանը մոռացավ նաև, որ այն եկեղեցում, որտեղ ինքը «պատարագ» էր մատուցում, իսկ իշխանությունների հետ ողջագուրվում էին Եկեղեցուց երես թեքած իր մի քանի ծառայակիցները, իր ողջ կյանքը աղոթք ու Պատարագ էր մատուցել Միքայել Սրբազանը։

Նկատենք, Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումից հետո Մայր Աթոռն Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանին համատեղության կարգով նշանակեց Շիրակի թեմի հոգևոր տեսուչ՝ առաջնորդական լիազորություններով:

Այստեղ սկսվում է Վազգեն Սրբազանի հաջորդ իրարամերժ պահվածքը․ նա թե՛ օրեր առաջ, թե՛ նախօրեին իշխանական քարոզչական հարթակի վերածված Հանրային եթերում պնդում էր, թե Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի հրավերով է Գյումրիում։

Մեզ հասած խիստ հավաստի տեղեկություններով, Նարեկ Սրբազանը Վազգեն Սրբազանին թեմ է հրավիրել եկեղեցու շուրջ սեղմվող օղակից շատ առաջ, երբ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը չէր հանդիպել Փաշինյանին ու չէր միացել Վեհափառի հրաժարականի պահանջին։

Ավելին՝ դա արվել է բարեկրթությունից ելնելով, որպես տարիքով ավագ հոգևորական, որը դրսի ծառայությունից ժամանակավոր տուն՝ Մայր Աթոռ է վերադարձել։

Իրողությունը սեփական ձեռնտու տարբերակով ներկայացնելը ճշմարտություն չէ, Վազգե՛ն սրբազան։

Leave a Comment