ՀՀ–ն ջրային անվտանգության հարցերով իր տեսլականն է ներկայացրել Թեհրանում

ՀՀ–ն ջրային անվտանգության հարցերով իր տեսլականն է ներկայացրել Թեհրանում

9 դեկտեմբերի 2025 – 12:47 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի Ջրային կոմիտեի ղեկավարը Արամազդ Ղալամքարյանը Թեհրանում կայացած Քաղաքային ջրային կառավարման տարածաշրջանային կենտրոնի (RCUWM) նախարարական մակարդակի 14-րդ նիստում ներկայացրել է ջրային անվտանգության հարցերով ՀՀ տեսլականը։

Նիստի ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել ջրային ռեսուրսների կառավարման գլոբալ մարտահրավերները, կլիմայական փոփոխությունների հետևանքներն ու տարածաշրջանային համագործակցության խորացման հնարավորությունները, հայտնում է Ջրային կոմիտեն։

ԻԻՀ էներգետիկայի նախարար և RCUWM Կառավարման խորհրդի նախագահ Աբբաս Ալի Աբադիի հրավերած նիստի ընթացքում քննարկվել են աշխարհում քաղաքային բնակչության աճի ազդեցությունը սահմանափակ ջրային ռեսուրսների վրա, կլիմայի փոփոխությունը և դրա ազդեցությունը ջրի որակի, կառավարման և ջրային ցիկլի վրա, ջրային պաշարների նվազումը և համակարգված միջազգային արձագանքման անհրաժեշտությունը։

Ղալամքարյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը վճռական է շարունակելու իր կառուցողական ներգրավվածությունը տարածաշրջանային կենտրոնի գործունեության մեջ՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանի ջրային անվտանգության ամրապնդմանը։ Նա կարևորել է համատեղ և համակարգված մոտեցումները՝ խնդիրների արդյունավետ լուծման, փորձի փոխանակման և երկարաժամկետ համագործակցության ձևավորման առումով։

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի ուղեկցությամբ՝ Արամազդ Ղալամքարյանը մասնակցել է նաև Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում կայացած «Ջրարդյունաբերության, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի» 21-րդ միջազգային ցուցահանդեսին։ Այցի շրջանակում նա ծանոթացել է իրանական առաջատար ընկերությունների ներկայացրած տեխնոլոգիական լուծումներին, ծառայություններին և արտադրանքին՝ գնահատելով դրանց կիրառման հնարավորությունները Հայաստանի ջրային ենթակառուցվածքների արդիականացման համատեքստում։ Բացի այդ, հաստատվել են համագործակցության նոր հնարավորություններ։

Հայկական պատվիրակության ղեկավարը այցելել է նաև Իրանի հիդրոէներգետիկ ռեսուրսների զարգացման ընկերություն, որը մասնագիտացած է ջրամբարների և էներգետիկ խոշոր ենթակառուցվածքների շինարարության ոլորտում։

Իրանի էներգետիկայի նախարարության բարձրաստիճան ղեկավարների հետ կայացած քննարկման ժամանակ Ղալամքարյանը անդրադարձ է կատարել նաև «Քաղաքային ջրային կառավարման տարածաշրջանային կենտրոնի» Կառավարման խորհրդի հաջորդ նիստը Հայաստանում անցկացնելու հնարավորությանը։

ՀՀ–ին սահմանակից և տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները ջրի մեծ պակաս ունեն և ժամանակ առ ժամանակ ճգնաժամային վիճակում են հայտնվում, այդ թվում՝ Իրանը, հատկապես մայրաքաղաք Թեհրանը։

Leave a Comment