Գալյանը չի՞ տիրապետում իրավիճակին. Միքայել Սրբազանը վիրահատության կարիք ունի

Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը, ի հեճուկս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, հայտում է, որ Միքայել Սրբազանը անհապաղ վիրահատության կարիք ունի, ինչը հաստատել է նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի վիրաբույժը: 

Արդարադատության նախարար Գալյանը երեկ հայտնել է, թե որևէ սուր առողջական խնդիր չունի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը.

««Որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ․ խոսում եմ փաստերի մասին։ Ես այն մարդն եմ, որ գիտի, պետք է իմանա այն ամենը, ինչ կապված է այդ ոլորտի և այդտեղ պահվող անձանց հետ։ Այն պահին, երբ կներկայացվի համապատասխան դիմում, համապատասխան գերատեսչությունը անհրաժեշտ գործիքակազմ կկիրառի, և անձը կստանա իր համար ցանկալի բժշկական օգնություն և սպասարկում։ Բոլորի առողջական վիճակը գնահատվում է, և, ըստ էության, որևէ սուր խնդիր մինչ այս պահը չի արձանագրվել»,- ասել էր Գալյանը: 

«News.5tv.am»-ի զրույցում Արա Զոհրաբյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ դիմումներ է ներկայացրել պետական գերատեսչություններին.

«Միքայել Սրբազանի վիրահատության հարցով ես ինքս դեռևս հոկտեմբերի 7-ին դիմել եմ քրեակատարողական ծառայությանը և խնդրել եմ, որ համապատասխան համաձայնությունը իրենք ստանան Միքայել սրբազանից, քանի որ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ կալանավորված անձը պետք է համաձայնություն տա: Քրեակատարողական ծառայությունը այդ ողջ փաթեթը ուղարկել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը առողջապահության նախարարության ենթակայության ներքո է գործում: Դրանից հետո ես հոկտեմբերի 29-ին, նոյեմբերի 6-ին, նոյեմբերի 10-ին դիմումներ եմ հասցեագրել այդ կառույցին՝ կցելով «Իզմիրլյան» կենտրոնի ախտորոշման փաստաթղթերը, կցելով նաև էպիկրիզը, Միքայել Սրբազանի համաձայնությունը, և խնդրել ենք, որ Սրբազանի հաշվին կազմակերպեն վիրահատությունը «Իզմիրլյան» կենտրոնում: 

Իրենք պատասխան են ուղարկել մոտ մեկ ամիս անց, չեն գրել իր հաշվին վիրահատությունը մերժում են, թե ոչ, այլ ուղղակի գրել են, որ իրենց բժիշկ վիրաբույժն էլ է ստուգել, ախտորոշել է այդ հիվանդությունը, խորհուրդ է տվել պլանային վիրահատություն, նշել է, որ անվճար կարողեն վիրահատել, որից Աջապահյանը հրաժարվել է: 

Այսինքն՝ ակնհայտ է, որ խուսափողական պատասխան են տվել, մեր դիմումի խնդրամասի վերաբերյալ հստակ դիրքորոշում չեն հայտնել: Արդեն 2 ամիս անցել է, բայց այդ հարցը դեռևս քննարկումների շրջանակում է: 

Ակնհայտ է, որ արհեստականորեն բյուրոկրատական այս քաշքշուկը ստեղծելով՝ իրենք ի վերջո խախտում են Միքայել սրբազանի առողջության իրավունքը: Կառավարության որոշմամբ սահմանված կարգով Միքայել Սրբազանը իրավունք ունի իր նախընտրած հիվանդանոցում իր նախընտրած բժշկի մոտ ստանալ բուժօգնություն: 

«Իզմիրլյան» կենտրոնը ունի այդ պայմանները, որ քրեակատարողական հիմնարկում կալանք կրող անձի վիրահատությունը կազմակերպի»,- ասաց Զոհրաբյանը: 

Փաստաբանը Միքայել Սրբազանի նկատմամբ այս վերաբերմունքը բացատրում է նրա անձի նկատմամբ եղած քաղաքական մոտեցումներով.

«Դա իրենց քաղաքական կեցվածքն է: Իրենք որոշակի քաղաքական նեգատիվ գնահատական ունեն և՛ Միքայել Սրբազանի անձի նկատմամբ, և՛, բնականաբար, նաև այդ բժշկական կենտրոնի նկատմամբ: 

Սա է պատճառը, որ այսպիսի բյուրոկրատական դժվարություններ են ստեղծում մեզ համար»,- ասաց Զոհրաբյանը:

Leave a Comment