Հակակոռուպցիոն կոմիտեն ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հարազատներին 50-ական միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Պողոսյանի հարազատները նրա նկատմամբ քրեական հետապնդման գործով մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու համար։
Թերթի տեղեկությամբ՝ Պողոսյանի քեռորդին՝ «Միկշին»-ի սեփականատեր Տիգրան Հարությունյանը ևս մեղադրյալի կարգավիճակ ունի:
Գլխավոր դատախազությունը Պողոսյանից պահանջել էր 10 մլրդ դրամի գույք ու դրամական միջոց, 7 ընկերությունում մասնակցություններ։ Պողոսյանն անցնում է քրեական գործով՝ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության մեջ: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։
