Փաշինյանի արշավը Գարեգին Բ-ի դեմ հասարակական լարվածություն է առաջացրել, հասարակությունը բաժանելու նոր առիթ դարձել, սակայն նաև հանգեցրել է լուրջ դիմադրության, ինչը դրական արդյունքներ է տվել։
Հայ եկեղեցու 4 նվիրապետական աթոռները մի շարք տարաձայնություններ ունեն, որոնք թույլ չեն տվել մի կողմ նետել հատվածական շահերն ու միավորվել, դառնալ մեկ եկեղեցի մեկ առաջնորդով, մեկ ընդհանուր ծիսակարգով ու կանոնագրքով։
Փաշինյանի արշավին դիմադրելու ընթացքում, սակայն, նվիրապետական աթոռները աննախադեպ համերաշխություն են դրսևորում, քննադատելով փաշինյանական բռնաճնշումները, աջակցության խոսքեր հղելով Գարեգին Բ-ին և հետապնդումների ենթարկվող հոգևորականներին։ Նրանք առիթը բաց չեն թողնում, որ իրենց դիրքորոշումը հայտնեն Փաշինյան-Գարեգին Բ կոնֆլիկտի վերաբերյալ, խոսեն կալանավորված հոգևորականների ազատ արձակման անհրաժեշտության մասին։
Եկեղեցու մաքրության, հոգևորականի վարքի նկատմամբ հանրային ուշադրությունը նույնպես շատ է բարձրացել։ Զարմանալի կերպով բարձրացել է եկեղեցու և հոգևորականի դերը հասարակության կյանքում։ Եթե Փաշինյանին կամ ոմանց թվում էր, թե մի քանի գրոհներից հետո հոգևորականները կընկրկեն ու կանցնեն Գարեգին Բ-ի հրաժարականն ակնկալողների շարքերը, ժողովուրդն էլ անտարբեր կմնա, ապա ժամանակը ցույց տվեց հակառակը։ Ինչքան շարունակվում են բռնաճնշումները հոգևորականների նկատմամբ, այնքան մեծանում է հոգևորականների և հավատացյալ ժողովրդի դիմադրությունը, այնքան ամրանում են հոգևոր արժեքներով առաջնորդվողների շարքերը։ Եթե մինչև վերջերս ոմանք կարծում էին, թե հոգևորականը նյութապաշտ է, միայն փողի մասին է մտածում, որն ակնակալում է իր ծառայության դիմաց, ապա ներկայում հոգևորականն այնպիսի վարք է դրսևորում, կարծես երկրորդում է նյութականը։
Օրեր առաջ Փաշինյանը լուրջ խնդիր համարեց այն, որ քահանաների զգալի մասը չքավորության եզրին է։ Ենթադրելի է, որ այսօրինակ ակնարկների արդյունքում որոշ հոգևորականներ գուցե կարծեն, թե Փաշինյանի կողմն անցնելու դեպքում նյութական խնդիրներ կարող են լուծել, պաշտպանել իրենց նյութական ձեռքբերումները կամ ավելի մեծ ձեռքբերումներ ունենալ։ Սակայն լավատեսություն կա, որ հոգևոր իշխանության ներկայացուցիչները չեն տրվի նյութական գայթակղությունների։ Լավատեսորեն ենթադրելի է, որ հավատացյալները ևս կշատանան, կմեծանա եկեղեցու հանդեպ հանրային ու պետական հոգատարությունը, հոգևորականի հանդեպ հարգանքը։
Պատկերավոր ասած՝ նյութականն ակնհայտորեն պարտվում է հոգևորին։ Նյութական հետաքրքրությունները երկրորդվում են, գերակայում են հոգևոր արժեքները։ Հավատացյալ համայնքը ապշեցուցիչ միասնականություն է դրսևորում, պաշտպանելով եկեղեցու մաքրությունը, պահանջելով ազատ արձակել կալանավորված հոգևորականներին։ Նվիրապետական աթոռներն են միաբերան աջակցության խոսքեր ուղղում, պաշտպանում Մայր աթոռը։ Նույնիսկ անհավատները հավատացյալ են ձևանում։ Այսպիսի հոգևոր միասնականություն վաղուց չէր եղել։ Չնայած՝ դեռ չի երևում, թե ինչպես կավարտվի Փաշինյանի սկսած կաթողիկոսափոխության արշավը, սակայն արդեն կարելի է ասել, որ նյութականը պարտվել է հոգևորին։ Եվ այս մեծագույն ձեռքբերումը մեծ լիցք կարող է հաղորդել հասարակության ու պետության առաջընթացին։ Գուցե նաև տեսանելի ապագայում 4 նվիրապետական աթոռները միավորվեն ու ընտրեն միասնական առաջնորդ, հզորացնելով եկեղեցին ու պետությունը։ Իսկ ապագա մոգական ռեալիզմի հետևորդները գուցե Նիկոլ Փաշինյանի վարքն ու գործքը վերնագրեն մի Նիկոլի պատմություն, պատկերավոր նկարագրելով, թե ինչպես կաթողիկոսափոխության արշավի դեմ միասնաբար դուրս եկան հոգևորականն ու հավատացյալն ու կերտեցին նյութականի հանդեպ հոգևորի վեհ հաղթանակը։
Թաթուլ Մկրտչյան