Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկամսյա կալանքը կրում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի այն խցում, որտեղ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն են, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ խցում մինչ այդ էլ գաղտնալսում էին հոգևորականներին, իսկ երեքի հնարավոր զրույցներն ավելի հետաքրքրական կարող են լինել իշխանությունների համար: Լրատվականի տեղեկությամբ՝ գաղտնալսված խոսակցություններից հատվածներ են կցվել քրեական վարույթներին։
Կալանավորված չորրորդ եպիսկոպոսը՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որը Գարեգին Բ-ի քրոջ որդին է, գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որը համարվում է ամենավատ բերդերից մեկը, նշել է թերթը։
Արշակ արքեպիսկոպոսին դեկտեմբերի 4-ին ձերբակալել, իսկ դեկտեմբերի 5-ին կալանավորել էին մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ արքեպիսկոպոսը մեղադրվում է 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում իբր թմրամիջոց դնելու մեջ։
Հոկտեմբերին արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութեր էր հրապարակել Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքը՝ նշելով, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է իր քեռակնոջ հետ»։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում, տեսանյութերի տարածման առնչությամբ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել, փաստաբանը հրապարակել էր ՔԿ-ի փորձաքննության արդյունքները։ Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ ավելի ուշ վերահաստատել դրանց կեղծ լինելը։
Կարդացեք նաև՝
