Իլոն Մասկը կոչ է անում «վերացնել» ԵՄ-ն. Եվրահանձնաժողովին արգելվել է X-ում գովազդներ տեղադրել՝ 120 միլիոն եվրո տուգանքից հետո

X-ն արգելափակել է Եվրահանձնաժողովի՝ իր հարթակում գովազդ տեղադրելու հնարավորությունը։ Այս քայլը կատարվել է Իլոն Մասկին պատկանող սոցիալական հարթակին 120 միլիոն եվրոյով տուգանելուց մի քանի օր անց, գրում է BBC-ն։

«Կարծես թե դուք մտածում եք, որ կանոնները չպետք է կիրառվեն ձեր օգտահաշվի վրա։ Ձեր գովազդային հաշիվը ջնջվել է»,- ասել է ընկերության ավագ գործադիր տնօրեն Նիկիտա Բիրը։

Դեկտեմբերի 5-ին X-ի համար սահմանված տուգանքն առաջինն էր ԵՄ թվային ծառայությունների մասին օրենքի համաձայն։ ԵՄ կարգավորող մարմինը հայտարարել էր, որ հարթակի կապույտ նշագրման համակարգը «խաբուսիկ» է, քանի որ ընկերությունը «նպատակասլաց կերպով չի ստուգում օգտատերերին»։ Կառույցը պնդում է, որ X-ը նաև չի ապահովում թափանցիկություն իր գովազդների շուրջ և հետազոտողներին հասանելիություն չի տալիս հանրային տվյալներին։

Սոցիալական մեդիա հարթակին տրվել է 60 օր՝ Հանձնաժողովին պատասխանելու իր կապույտ նշագրերի վերաբերյալ մտահոգությունների վերաբերյալ, հակառակ դեպքում՝ լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանվեն։

Տուգանքից հետո Իլոն Մասկն իր հարթակում գրառում է արել՝ նշելով, որ ԵՄ-ն «պետք է վերացվի», և վերահրապարակել է X-ի մեկ այլ օգտատիրոջ պատասխանը, որն այն համեմատել է ֆաշիզմի հետ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովը (FCC) ԵՄ կարգավորող մարմնին մեղադրել են ամերիկյան ընկերությունների վրա հարձակվելու և գրաքննության մեջ՝ հավելելով. «Ամերիկացիներին առցանց գրաքննության ենթարկելու օրերն ավարտվել են»։

Վեճը սկսվել է Բիրից, որը Եվրահանձնաժողովին մեղադրել է հազվադեպ օգտագործվող հաշիվն ակտիվացնելու մեջ՝ «շահագործումից օգտվելու համար»։ Նա պնդել է, որ Հանձնաժողովը տեղադրել է հղում, որը մոլորեցրել է օգտատերերին՝ կարծելով, թե դա տեսանյութ է՝ «իր հասանելիությունն արհեստականորեն մեծացնելու նպատակով»։

X-ի գովազդային հաշիվները բիզնեսների կողմից օգտագործվում են վճարովի գովազդային արշավներ ստեղծելու և վերլուծելու, ինչպես նաև կայքում «խթանվող» գրառումներ իրականացնելու համար՝ օգտատերերի X-ի պրոֆիլից առանձին։

Ի պատասխան՝ Եվրոպական հանձնաժողովի խոսնակը BBC News-ին ասել է, որ այն «պարզապես օգտագործում է այն գործիքները, որոնք հարթակներն իրենք են հասանելի դարձնում մեր կորպորատիվ հաշիվներին»։

Առաջին դեպքը չէ, երբ X-ի և համաշխարհային կարգավորող մարմինների միջև տարաձայնություններ են լինում։ 2024 թվականին Բրազիլիայի Գերագույն դատարանը վերացրեց X-ի վրա դրված արգելքը՝ այն բանից հետո, երբ ընկերությունը համաձայնվել էր վճարել 28 միլիոն ռեալ (5.1 միլիոն դոլար) և արգելափակել ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքով հաշիվները։

Նախորդ տարի էլ Ավստրալիայի ինտերնետային անվտանգության վերահսկող մարմինը տուգանել էր ընկերությանը 610,000 ավստրալական դոլարով (386,000 դոլար)՝ երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի հետաքննության հետ չհամագործակցելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment