«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը
– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող «Մշակութային ժառանգություն և վերադարձի իրավունք» միջազգային համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում պնդել է, թե Հայաստանը «պարբերաբար ոչնչացրել է Արևմտյան Ադրբեջանում ապրող ադրբեջանցիների սրբավայրերն ու գերեզմանատները՝ Ադրբեջանի հետքերը տարածաշրջանում ջնջելու նպատակով», խոսել է նաև վերադարձի իրավունքի մասին: Պարո՛ն Բադալյան, ինչո՞ւ է Ալիևը պարբերաբար նման հայտարարություններ անում, երբ կողմերը խոսում են խաղաղության գործընթացում արձանագրվող առաջընթացի մասին:
– Այս տեսանկյունից Ադրբեջանի նախագահը ոչ մի նոր բան չի անում, այսինքն՝ ինչի մասին նա հիմա խոսում է, այդ մասին խոսել է մշտապես՝ պատերազմից հետո հինգ տարիների ընթացքում: Այլ հարց է, որ խոսակցությունները կարող են դասակարգված լինել ըստ պահի առաջնահերթության: Իր առջև դրած որոշակի նպատակներ իրագործելուց կամ օրակարգային դարձնելուց հետո ձեռնամուխ է եղել այս նպատակներն ավելի ակտիվ սպասարկելու աշխատանքին, խոսքը, այսպես կոչված, ադրբեջանցիների վերադարձի մասին է: Այստեղ ոչ մի նոր բան չկա, սա ընդհանուր առմամբ Հայաստանը՝ որպես պետական միավոր, որպես սուբյեկտ յուրացնելու Ադրբեջանի այդ ռազմավարական նպատակի համատեքստում է:
Հասկանում ենք, որ ադրբեջանցիների վերադարձը Ալիևին բացարձակապես չի հետաքրքրում խաղաղության նպատակով: Ադրբեջանցիների վերադարձը հետաքրքրում է Հայաստանը, Հայաստանի պետական ինքնությունը և սուբյեկտությունը երկարաժամկետ ականապատելու նպատակով:
Հայտարարությունները, թե խաղաղություն են կառուցում, իհարկե հանրային սպառման համար են՝ տարբեր նպատակներով: Ադրբեջանը խաղաղության մասին այս հռետորաբանությամբ մի քիչ քարտ բլանշ է տալիս պաշտոնական Երևանին այն լոյալության դիմաց, որ մենք տեսնում ենք Հայաստանի քաղաքականության դրսևորումներով ու նաև, ընդհանուր առմամբ, փորձում է խաղալ միջազգային մթնոլորտին համահունչ: Իսկ այդ մթնոլորտում Կովկասի վերաբերյալ անկայունության վրա առանձնապես խաղադրույքներ, գոնե այս պահին, արված չեն, և Ալիևը հասկանում է, որ եթե ինքը փորձի գնալ այդ տրամաբանությամբ, հեշտ խոսակցություն չի լինի իրեն հետաքրքրող հարցերում խոշոր կենտրոնների հետ: Հետևաբար հիմա խոսում է փափուկ ուժի լեզվով ու այդպիսով առաջ տանում իր օրակարգերը:
– Կարծիքներ են հնչում, թե Ադրբեջանի ղեկավարը շտապում է և փորձում է արագացնել գործընթացները, որովհետև Հայաստանի գործող իշխանությունների վերընտրվելու հարցում համոզված չէ: Դուք տեսնո՞ւմ եք շտապողականություն նրա գործունեության մեջ:
– Ես չեմ տեսնում, որ Ալիևը շտապում է, ես տեսնում եմ, որ Ալիևն աշխատում է: Նա աշխատում է այնպես, ինչպես կաշխատեր ցանկացած պետության ղեկավար՝ լինելով նրա դիրքում: Այս իմաստով, ես կարծում եմ, որ այնպես չէ, թե փորձում են հիմա ինչ-որ բան հասցնել, որովհետև չեն հասցնի, եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի: Իհարկե իրենք շահառու են Նիկոլ Փաշինյանի ընտրությամբ ու հիմա փորձում են օգտագործել Փաշինյանի այդ խնդիրը՝ նրան պայմաններ թելադրելու համար ու դրանց դիմաց առնվազն խոստումներ կորզելու: Դժբախտաբար, Ալիևը կատարում է իր աշխատանքը, Նիկոլ Փաշինյանն էլ, լինելով այդ նախընտրական կարիքների մեջ, գնում է Ալիևի այդ աշխատանքին ընդառաջ:
– Ի՞նչ նկատի ունեք, պարո՛ն Բադալյան:
– Դե տեսնում ենք, որ Ալիևի այդ բոլոր պահանջների հանդեպ պաշտոնական Երևանից կա ոչ թե որևէ առարկություն, ընդհակառակը՝ հայտարարություններ են արվում, որոնք արդարացնում են Ալիևի խոսքերը, լղոզում դրանք՝ այնպես ներկայացնելով, թե դրանք հավակնություններ չեն, այլ ներքին սպառման նպատակով արվող տարրեր կամ ինչ-որ հոգեբանական անդրադարձներ պատմությանը: Երևանը փորձում է ամեն կերպ այդպիսի տպավորություն ստեղծել, իսկ դա այլ բան չէ, քան ընդառաջ գնալ: Իսկ դրա հետևանքն այն է, որ Հայաստանի հասարակության ականջն ադապտացվում է, որ այդ ամեն ինչը նորմալ է, որ Հայաստանի հանդեպ նման ելույթները, այդպիսի հավակնությունները նորմալ են:
Սա առաջին փուլն է, փափուկ ուժն առաջ է շարժվում հենց այսպես, այսինքն՝ ինչ-որ բան նախ նորմալ ես դարձնում թիրախային հասարակության ականջին, հետո այդ ամենը փորձում ես վերածել ինչ-որ իմպլեմենտացիա ենթադրող գործողությունների:
– Իսկ համաձա՞յն եք, որ Ալիևի նմանատիպ հայտարարությունները Հայաստանի ներսում ավելի խոցելի են դարձնում իշխանության՝ խաղաղության օրակարգի մասին խոսույթը:
– Տեսանելի է, որ Ադրբեջանն այդ զուգահեռը փորձում է տանել, այսինքն՝ մի կողմից ապահովել Հայաստանի պաշտոնական, նախընտրական քարոզչության համար անհրաժեշտ բավարար միջավայր, մյուս կողմից, սակայն, այդ իրավիճակի թելը պահել իր ձեռքին ու թույլ չտալ, որ իր օրակարգերն ու նպատակները երկրորդ պլան մղվեն կամ պարզապես դուրս գան պրոցեսից: Այսինքն՝ այս զուգահեռը դեռ փորձում են պահել, ու մենք տեսնում ենք, որ գոնե առայժմ այդ զուգահեռը փորձում են պահել այնպես, որ Նիկոլ Փաշինյանի համար ընդհանուր առմամբ այդ քարոզչության տեսանկյունից լուրջ խնդիրներ չի առաջացնում:
Շատ կարևոր է, թե հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը կամ հասարակական, քաղաքական առաջատար խմբերն ինչպե՛ս կկարողանան այս թեմայի վերաբերյալ հասարակության հետ կառուցել ռացիոնալ խոսակցություն ու մարդկանց շատ պարզ բացատրել, որ Ադրբեջանի նարատիվներին ենթակայությունը ամենևին չի նշանակում խաղաղություն, այլ խաղաղության անվան տակ՝ ծուղակ:
Հետևաբար պետք է մտածել, թե ինչպես կարելի է կառուցել հավասարակշռված խաղաղություն, որովհետև մենք տեսնում ենք, որ բավականին ուժեղ քարոզչությամբ փորձ է արվում իրականությունը նենգափոխել. երբ որևէ մեկը փորձում է առարկայորեն ու փաստարկված ընդդիմախոսել վարվող քաղաքականությանը, Ադրբեջանի հանդեպ անձնատուր լոյալության այդ քաղաքականությանը, անմիջապես հռչակվում է որպես Հայաստանի ու խաղաղության թշնամի, օտարերկրյա գործակալ:
Սրա հետևանքով Հայաստանում փակվում է այդ կարևորագույն հարցի վերաբերյալ քննարկումների միջավայրը, այսինքն՝ Հայաստանը հայտնվում է «կամ-կամ»-ի առաջ. կա՛մ մենք ընդունում ենք այն, ինչ ասում է Ալիևը, կա՛մ ենթակա ենք լարվածության, էսկալացիայի, պատերազմի, իսկ այս պարագայում Հայաստանը զրկվում է դիվանագիտական ճկունության հնարավորությունից: Հայաստանում այդ քննարկումները փակելը բխում է օտար պետությունների շահերից, այլ ոչ թե՝ Հայաստանի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am