Վրաստանի իշխանությունները պատրաստվում են խստացնել հավաքների անցկացման կանոնները

Քաղաքականություն

08.12.2025 | 21:52

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստվում է ավելի խստացնել հավաքների և ցույցերի անցկացման կանոնները։ Այս մասին հայտարարվել է խորհրդարանի բյուրոյի նիստում, գրում է Эхо Кавказа-ն։

Նշվում է, որ փոփոխություններ են կատարվում «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում, խորհրդարանը դրանք կքննարկի արագացված կարգով։

Փոփոխությունների համաձայն՝ հավաքների կազմակերպիչները պարտավոր կլինեն նախապես տեղեկացնել պետական ​​մարմիններին, եթե միջոցառումը նախատեսված է «մարդկանց տեղաշարժի վայրերում»։ Եթե միջոցառումը սպառնալիք է ներկայացնում հասարակական անվտանգության համար, խախտում է հասարակական կարգը, խանգարում է հաստատությունների և կազմակերպությունների աշխատանքին կամ խոչընդոտում է տրանսպորտային միջոցների և մարդկանց տեղաշարժին, իշխանությունները կկարողանան առաջարկել «այլընտրանքային վայր, ժամանակ կամ երթուղի»։

Այս հրահանգները չկատարելու դեպքում կկիրառվեն տուգանքներ։ Դրանց հսստակ չափը դեռևս չի նշվում: Ավելին, բյուրոյի նիստի ամփոփագրի համաձայն՝ օրինագիծը կարգավորում է «հավաքների և ցույցերի դադարեցման հետ կապված հարցերը»:

«Վրացական երազանքը» մի քանի անգամ խստացրել է հակահանրահավաքային օրենսդրությունը՝ կանխելու համար կառավարության դեմ բողոքի ցույցերը, որոնք շարունակվում են ավելի քան մեկ տարի: Օրենքի բազմակի խախտումների, մասնավորապես, «ճանապարհի արհեստականորեն փակման» համար քրեական պատժամիջոցներ սահմանելուց հետո, իշխանությունները խոչընդոտում են ցուցարարներին փակել Ռուսթավելի պողոտան: Այնուամենայնիվ, նրանք գտել են բողոքի այլընտրանքային ձև՝ ամենօրյա երթեր անցկացնելով Թբիլիսիի կենտրոնում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment