«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը
– Պարո՛ն Խանումյան, նախօրեին Գյումրու Սբ Յոթ Վերք եկեղեցում տեղի ունեցածն ինչպե՞ս կգնահատեք, Նիկոլ Փաշինյանն այսպիսով ինչի՞ է փորձում հասնել, նպատակը ո՞րն է։
– Ճիշտն ասած, ես որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ իշխանությունների կողմից Վեհափառի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսված արշավի մոտիվացիան։ Սկզբում ինձ թվում էր, թե Նիկոլ Փաշինյանը փորձում է թուլացնել, վերացնել իր իշխանությանն ընդդիմացող հերթական կազմակերպված միավորը, սակայն վարչապետի հետագա քայլերը ցույց տվեցին, որ բոլորովին այլ պատճառներ կան։
Այո՛, Եկեղեցին քաղաքականացվել էր, ինչը կարող էր որոշակի երկպառակություն մտցնել հենց Եկեղեցու ներսում կամ բերել որոշ հավատացյալների կորստի, բայց սա չի նշանակում, թե վարչապետը պետք է օգտագործի իշխանական բոլոր լծակները, ուժային կառույցներին, ապօրինի հավաքած կոմպրոմատները՝ խեղդելու իր քաղաքականությանը չհամաձայնողներին։
Ավելին, այն, ինչ հիմա է անում, այդ թվում ուժային մեթոդներով հոգևորականներին ստիպելով դեմ գնալ եկեղեցական օրենքներին և կանոններին, ցույց է տալիս, որ Փաշինյանի նպատակն ավելին է, քան հերթական ընդդիմախոսության օջախը չեզոքացնելը։
Ես փորձել եմ այս արշավի նպատակների մասին հասկանալ նաև Նիկոլ Փաշինյանի շրջապատից, տարբեր պաշտոնյաներից, ցավոք, ոչ ոք հստակ չգիտի, թե ինչո՞ւ է այս արշավը նախաձեռնվել։ Արշավի նպատակը, կարծում եմ, ոչ թե Եկեղեցին բարեկարգելն է, ինչպես պնդում են իշխանական քարոզիչները, այլ Եկեղեցին որպես ազգային կառույց չեզոքացնելը։
Տարածաշրջանում գնում են բարդ գործընթացներ, և հայկական ազգայնականությունը կարող է խանգարել տարբեր ծրագրերի։ Եթե մի քանի տասնամյակ առաջ հայկական ազգայնականությունը խրախուսելը կարևոր էր խորհրդային կայսրության փլուզման համար, հիմա հայկական ազգայնականությունը ճնշելը կարևոր է տարածաշրջանում (Հարավային Կովկաս + Կենտրոնական Ասիա) նոր կայսրության ստեղծումը չխոչընդոտելու համար։ Հետևաբար, ես կարծում եմ, որ Եկեղեցու դեմ այս արշավն ունի լավ պատրաստված գաղափարական կողմ, որը գալիս է դրսից, և լավ ուղղորդված քայլերի հաջորդականություն, որը նույնպես դրսից է ուղղորդվում։
Գյումրու Սբ Յոթ Վերք եկեղեցու դեպքը գալիս է մեկ անգամ ևս հավաստելու, որ Փաշինյանի նպատակը Եկեղեցին նորոգելը չէ, այլ այն ուղղակի թուլացնելը, որպես գործոն վերացնելը։
– Շատերը Վեհափառի գործողությունները՝ ի պատասխան իշխանության գործողությունների, համարում են անհամարժեք, ավելի կտրուկ գործողություններ են ակնկալում։ Դուք և՞ս կարծում եք, որ Վեհափառը պետք է ավելի կտրուկ գործողությունների դիմի։
– Վեհափառը, կարծում եմ, շատ վճռական լինելու ռեսուրս չունի։ Որոշ հոգևորականների կրոնական կամ եկեղեցական տեսանկյունից ոչ անբասիր վարքը, կենսաձևը բերել են Եկեղեցու դիրքի և հեղինակության թուլացման հասարակության մեջ և, այդպիսով, Եկեղեցու դիմակայունության նվազեցման։ Այնուամենայնիվ, այն պահպանում էր որոշակի դիրք և հեղինակություն։ Միայն իշխանական ռեսուրսներով, ուժային և այլ ներգործությամբ կարող էին հասնել, օրինակ, եպիսկոպոսական որոշակի շրջանակի «ապստամբության», ինչն էլ արեցին։ Կարծում եմ, Վեհափառը պետք է փորձի դիմակայել ճնշումներին, տեղի չտալ, քանզի նրա պարտությունն այս փուլում կարող է բերել ավելի մեծ ճգնաժամի։
– Իշխանություն-Եկեղեցի այս լարվածությունն ի՞նչ հետևանքներ է ունենում Հայաստանի վրա՝ որպես պետություն, պարո՛ն Խանումյան:
– Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը մեծաթիվ ռեսուրսներ է ծախսում տարբեր լոբբիստական խմբերի հետ աշխատանքի համար, հատկապես ԱՄՆ-ում։ Դրանք թե՛ հրեական կազմակերպություններն են, թե՛ քրիստոնեական կառույցները, թե՛ քաղաքական շրջանակները։ Հայությունը, թեև լոբբիստական աշխատանքի զգալի փորձ ունի, սակայն մինչև այսօր չի օգտագործել այն հսկայական ռեսուրսը, որն ունեն հայկական եկեղեցիները, տարբեր կրոնական կազմակերպություններին մաս կազմող հայկական կառույցները։
Խոսքը ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու մասին է, այլ նաև Հայ Կաթողիկե, Հայ Ավետարանչական և այլ եկեղեցիների մասին։ Ուղղակի միասնական խնդիր դնող չի եղել։ Այդպիսի խնդիր կարող է դնել միայն հայկական պետությունը։ Իսկ այդ պետության իշխանություններն այսօր զբաղված են ներազգային թշնամանք սփռելով և տարբեր համահայկական կառույցներ թուլացնելով։ Հետևաբար ամենամեծ կորուստը, որ ունենք Եկեղեցու դեմ այս արշավում, հայության հնարավոր ներուժի օգտագործման անհնարինությունն է կարևոր մի ժամանակաշրջանում, երբ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում։
– Ըստ ձեզ՝ այս ամենն ինչպե՞ս է հանգուցալուծվելու։
– Հանգուցալուծում ես չեմ տեսնում, Նիկոլ Փաշինյանը գնալու է մինչև վերջ։ Եթե իմ ենթադրություններն իրականություն են, և Փաշինյանն ուղղորդվում է արտաքին դերակատարների կողմից, ապա ակնհայտ է, որ նա իր արշավը շարունակելու է նույնիսկ 2026 թ․ հաղթելուց հետո, որովհետև հաջորդ հնգամյակն առանցքային է լինելու մեր մեծ տարածաշրջանում աշխարհաքաղաքական լուրջ զարգացումների տեսանկյունից։
Եկեղեցու քաղաքականացումը նմանապես ճիշտ չէ, ես չգիտեմ՝ դա տեղի է ունեցել ինքնապահպանման բնազդի՞ց ելնելով, թե՞ այլ հանգամանքների բերումով, սակայն ենթադրում եմ, որ մեծ հաշվով այլ տարբերակ Եկեղեցին չունի էլ, քան փորձել ազատվել նման իշխանություններից։ Հետևաբար ես չեմ տեսնում որևէ այլ լուծում, քան կողմերից մեկի պարտությունը՝ կամ Նիկոլ Փաշինյանը կկորցնի իշխանությունը, կամ էլ Եկեղեցին կկորցնի ազգային կառույց լինելու դերը։ Ի դեպ, ներկայիս Վեհափառի հեռանալը դեռևս Փաշինյանի հաղթանակ չի նշանակում, և նույնիսկ այդ սցենարից հետո վարչապետը շարունակելու է Եկեղեցին ոչնչացնելու իր քաղաքականությունը։
Քրիստինե Աղաբեկյան