
Ինչպես հայտնել ենք, ըստ ադրբեջանական լրատվականների, Ադրբեջանի Գաբալա քաղաքում ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստան կներկրվի ադրբեջանական նավթամթերք:
Վրաստանն էլ, իր հերթին, այսօր խոստացել է, որ տուրք չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Պաշտոնական Թբիլիսին այսօր միաժամանակ հայտնել է, որ անցած շաբաթավերջին այդ մասին հարցում է ստացել գործընկերներից: Թե որ երկրից, չի հստակեցվում։
«Այս տարվա դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկերներից ստացել է խնդրանք՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Հայաստան վառելիքի միանվագ տարանցում իրականացնելու վերաբերյալ։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ «Վրացական երկաթուղուն» հանձնարարվել է անհապաղ և ամբողջությամբ անվճար իրականացնել բեռի միանվագ երկաթուղային փոխադրումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ադրբեջանական «Հաքին»-ը հայտնել էր, որ Վրաստանը, իբր, Ադրբեջանից Հայաստան նավթի հնարավոր տարանցման համար պահանջել է կիլոմետրը 92 դոլար մեկ տոննայի համար։
Սակայն Թբիլիսին հայտարարել է, որ Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական և հուսալի գործընկերը, ինչպես նաև աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։