Իրենք շարունակելու են աղմկել, Սամվել Կարապետյանը` կառուցել, հայտարարել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Նա արձագանքել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի այն հայտարարությանը, որ «երբեմնի հսկա գործարանի տեղը «Ռիո մոլ» են կառուցել»։
Ղահրամանյանը հրապարակել է «Ռիո մոլ»-ի տարածքի կադրերը՝ մինչև Կարապետյանի ներդրումը։ «Իհարկե, «առաջընթաց» է, որ վերջապես ՔՊ-ականներից մեկը խոսեց երկրում գործարան կառուցելու և արտադրություն հիմնելու մեր օրակարգի մասին, բայց ՔՊ-ական պատգամավորին հուշեմ`2017 թվականից հետո «Տաշիր Գրուպ»-ը ոչ թե մեկ, այլ մի քանի գործարան է կառուցել»,- նշել է խոսնակը։
Նա հավելել է, որ մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ է ապահովել։ «Բայց, Սիսակ Գաբրիելյանը, ՔՊ-ական չէր լինի, եթե Հ1-ի ռեպորտաժը, որից օգտվել է, չֆիլտրեր ու այս փաստը միտումնավոր բաց չթողներ։ Այնպես որ, իրենք շարունակելու են աղմկել, Սամվել Կարապետյանը` կառուցել»,- շեշտել է նա։
Ղահրամանյանը նաև հիշեցրել է, որ մինչև 2017թ-ը, «Ռիո մոլ»-ի կառուցումը, պատգամավորի հիշատակած ավերակ գործարանի տարածքը Սարալանջի պողոտան երկու մասի էր բաժանել։
Հոկտեմբերի 15-ին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Նարեկ Գրիգորյանը Ֆակտոր TV-ի եթերում, խոսելով ազգային բարերար Կարապետյանի մասին, նշել էր, որ 8 անգամ ներողություն կխնդրի, եթե Կարապետյանը ցույց տա Գեղարքունիքում կատարած մեկ բարերարություն։ «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը թվարկել էր մարզում Կարապետյանի կատարած բարեգործությունների մի մասը և հորդորել պատգամավորին պահել խոստումը և ներողություն խնդրել։
