1988-ի պատմական պերֆորմանսը՝ ժամանակակից արվեստի թանգարանում․ «Վերնատուն»

Ժամանակակից արվեստի ինստիտուտում բացվել է «Ողջույն նկարիչների միությանը անդրշիրիմյան աշխարհից» կամ «Պաշտոնական արվեստը մեռել է» ցուցահանդեսը։ Այն պատմում է Նկարիչների միությունում 1988 թվականի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած հայկական առաջին պատմական պերֆորմանսի մասին, որը թերևս առաջին դիմադրությունն էր պաշտոնական արվեստին։

Ցուցահանդեսի համադրողներ Շողակաթ Ղազարյանն ու Ռուբեն Արևշատյանը պատմում են պերֆորմանսի շուրջ ցուցահանդես կազմակերպելու գաղափարի, արվեստագետների ասելիքի և այդ պերֆորմանսի ու ժամանակակից արվեստի հետագա զարգացումների միջև եղած կապի մասին։ Ռուբեն Արևշատյանը նշում է, որ պերֆորմանսը հայկական ժամանակակից արվեստում մի հատված էր, որը կապված էր ինստիտուցիոնալ քննադատության հետ։ Նա կարծում է, որ ժամանակակից արվեստի 80–90–ականների պատշաճ ներկայացման մեջ շատ մեծ բաց կա։

«Երբ դուք գնում եք եվրոպական, արևելաեվրոպական ժամանակակից արվեստի թանգարաններ, դուք կարող եք տեսնել, թե ինչ կենտրոնացում կա այդ ժամանակաշրջանի վրա։ Արվեստագետներ, շարժումներ և պրոցեսներ, որոնք կանոնիզացված, ներկայացված են հստակ ձևակերպված և մշակված կոնտեքստուալ ձևաչափերի մեջ։ Հայաստանում, ցավոք սրտի, դա լուրջ բաց է։ Եվ այստեղ Ժամանակակից արվեստի ինստիտուտի ստրատեգիկ ծրագրերից է լրացնել այդ բացը»։

Ինչ վերաբերում է «Պաշտոնական արվեստը մեռել է» խորագրի այսօրվա նշանակությանը, Շողակաթ Ղազարյանը մեջբերեց արվեստագետ Արման Գրիգորյանի միտքը, որ «դրա մեջ տրամաբանություն չկա, պաշտոնական արվեստը միշտ էլ մեռած է եղել», և Շողակաթը համաձայն է դրա հետ։ Ռուբեն Արևշատյանն ասում է, որ երբ քաղաքականությունը փորձում է արվեստը վերածել իր գործիքը, «այդտեղ նա վերածվում է պաշտոնական արվեստի»։

Leave a Comment