Երկու ֆիասկո. ինչ դաս կքաղի Փաշինյանը դեկտեմբեի 7-ի ձախողումներից

Դեկտեմբերի 7-ը Նիկոլ Փաշինյանի համար լի էր պարտություններով։

Նախ Շիրակի թեմի հոգևորականները միասնաբար հրաժարվեցին դեկտեմբերի 7-ին պատարագ մատուցել Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում, որտեղ Փաշինյանը ցանկություն էր հայտնել մասնակցել հաղորդության։ Ասում են, թե Շիրակի թեմի քահանաները բոյկոտից զատ, եկեղեցուց ժամանակավոր հեռացրել էին պատարագի համար անհրաժեշտ պարագաները։

Գյումրեցիները ևս բացասական վերաբերմունք ցույց տվեցին Փաշինյանին։ Մի քանի հավատացյալներ եկեղեցու ներսում վանկարկեցին Վեհափառի և Շիրակի թեմի առաջնորդի անունները, խուճապ ու վախ առաջացնելով Փաշինյանի և նրա ուղեկիցների մոտ։ Իսկ դրսում հավաքված մարդիկ էլ ամոթանք տվեցին Փաշինյանի հետ եկած ՔՊ-ականներին և այն հոգևորականներին, որոնք համաձայնվել էին զեղչել Վահեփառի անունը պատարագի ընթացքում։

Սա տեսանելի ձախողում էր։ Նույնպիսի ևս մեկ ձախողում արձանագրվեց նաև Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում։ Կիրակի առավոտյան այստեղ պատարագի ընթացքում սահմանված կարգի համաձայն հնչեցվել է Վեհափառի անունը։ Պատարագից առաջ մի խումբ հավատացյալներ նկատել են, որ ազգային հայտնի գործիչ, Ազգային միացյալ կուսակցության անդամ Մեխակ Գաբրիելյանը զրուցել է քահանայի հետ և հավաստիացել, որ վերջինս չի կրկնի նախորդ շաբաթ այս եկեղեցում տեղի ունեցած սխալը ու չի զեղչի Վեհափառի անունը։ Եվ չնայած՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ակնկալում է Գարեգին Բ-ի հրաժարականը, նրա առաջնորդանիստ եկեղեցում պատարագը մատուցվեց սահմանված, ավանդական կարգով։ Այսինքն՝ նախորդ շաբաթ Փաշինյանի և բազմահազար հետևորդների այցելությունը Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, Նավասարդ Սրբազանի ներկայությամբ Վեհափառի անունը զեղչելը ոչինչ չփոխեց։

Այսպիսով՝ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին երկու տեսանելի ձախողում ունեցավ։ Մեկը Գյումրիում, մյուսը Երևանում։ Հանրությունն այսպիսով ցույց տվեց, որ համաձայն չէ Փաշինյանի հետ, բազմաթիվ մարդիկ և հոգևորականները միասնաբար չեն ուզում բան փոխել պատարագի կարգում, սատարում են Գարեգին Բ-ին, Միքայել Սրբազանին, դեմ են կաթողիկոսափոխութանը, ամոթալի են համարում Փաշինյանի այս արշավը, չեն հավատում այն մեղադրանքներին, որոնք հասցեագրվում են կաթողիկոսին և այլն։ Փաշինյանի այցելություններից հետո եկեղեցիներում շարունակվում են պատարագները պատուցել հաստատված, ավանդական կարգով՝ առանց հոգևոր առաջնորդի անունը զեղչելու։ Այսինքն՝ որևէ առաջընթաց չկա կաթողիկոսափոխության համար փաշինյանական պայքարում։

Փաշինյանը, հավանաբար, դասեր կքաղի այս ձախողումներից։ Նկատելի է, որ ինչքան շարունակվում են բռնաճնշումները հոգևորականների նկատմամբ, այնքան մեծանում է հանրային դիմադրությունը։ Ողջամիտ մոտեցումը պահանջում է մարտավարության վերանայում։ Եթե ժողովուրդը, հոգևորականությունը դեմ են կաթողիկոսափոխության արշավին, ապա ենթադրելի է, որ Փաշինյանը կփորձի նահանջել, գնալ փոխզիջումների, պարզ ներկայացնել իր ակնկալիքները, քննարկումների և խորհրդակցությունների արդյունքում հասնել փոխզիջումային լուծումների, հանդարտեցնելով կրքերը, դադարեցնելով Գարեգին Բ-ին գահընկեց անելու արշավը։

Մեկ այլ վարկածով էլ ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանն այսպիսի ձախողումներից հետո կարող է հուսահատ գրոհ կազմակերպել վեհարանի դեմ, այսինքն՝ հավաքել վերջին ուժերն ու գրոհել միջնաբերդը։ Եթե հաջողության հասնի, ապա կարող է իրագործել իր նպատակը։ Իսկ եթե լուրջ դիմադրության բախվի, ապա գուցե կհրաժարվի իր նպատակից, կդադարեցնի այս արշավը։

Հարկ է հաշվի առնել նաև, որ դեկտեմբերի 10-12-ը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել է։ Այսինքն՝ Գարգեին Բ-ն, կարծես, ցույց է տվել, որ կարող է դադարեցնել դիմակայությունը, եթե Փաշինյանը դադարեցնի և երկխոսության դուռ բացի։ Իսկ վերջինս էլ ձախողումներից դաս քաղելով գուցե դադարեցնի արշավները տարբեր մարզերի եկեղեցիներ, և կողմերը համատեղ ջանքով գտնեն խնդրի խաղաղ լուծման բանալին։

Կարճ ասած՝ Փաշինյանի ձախողումները կարող են բան փոխել առաջիկայում։ Եթե Փաշինյանը ողջամիտ վերաբերվի, ապա կդադարեցնի գրոհները, այս հոգեմաշ լարվածությունը կհանդարտվի, իսկ հանիրավի կալանավորված հոգևորականներն էլ ազատ կարձակվեն։

Թաթուլ Մկրտչյան

Leave a Comment