Մայր Աթոռը դատապարտել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եկեղեցիներում կազմակերպվող արարողությունները։
«Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է վարչապետի գլխավորությամբ իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների ուժային միջամտություններով, եկեղեցական կարգ ու կանոնների, ինչպես և ՀՀ Սահմանադրության և օրենսդրության կոպիտ խախտումներով, հավատացյալների հոգևոր զգացմունքները վիրավորելով ու պառակտում սերմանելով «պատարագի» արարողությունների կազմակերպումը տարբեր թեմերի եկեղեցիներում»,- ասված է հայտարարության մեջ։
Մայր Աթոռը նշել է դեկտեմբերի 7-ին Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում տեղի ունեցած արարողությանն արձանագրած խախտումների մասին։
«Թեմակալ առաջնորդի հոգևոր իշխանության շրջանցումով, եկեղեցական ընկալյալ կարգի ու կանոնի անտեսումով որևէ եպիսկոպոսի մասնակցությունը «պատարագներին» կանոնական կոպտագույն խախտում է, ինչը տեղի ունեցավ Շիրակի թեմի Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) առաջնորդանիստ եկեղեցում»,- շեշտել են Մայր Աթոռում։
Պաշտոնական Էջմիածինը նախազգուշացում է արել Փաշինյանի հետ հանդիպած, այնուհետ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջած հոգևորականներին։ Մայր Աթոռում շեշտել են, որ դեռևս զերծ են մնում խիստ միջոցների կիրառումից։
«Մայր Աթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը և կեղծ ու մտացածին բովանդակությամբ հրապարակային ելույթները, վերադառնալ կանոնական դաշտ՝ հետևելով մեր Սուրբ Եկեղեցու դարերով նվիրագործված ավանդույթներին, գործել բացառապես հոգևոր ասպարեզում և օրինականության ու միասնականության պահպանման բարձր գիտակցությամբ, որը եպիսկոպոսի՝ իբրև առաքելական հաջորդականությամբ օժտված սպասավորի պարտականությունն է, կոչումն ու առաքելությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Նա հաստատել էր, որ պատարագներից առաջ նաև Ազգային անվտանգության ծառայությունն է միջնորդում չհնչեցնել կաթողիկոսի անունը։
Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ Ավելի ուշ Փաշինյանն առաջարկել էր Հայ Առաքելական եկեղեցիներում պատարագներից առաջ հնչեցնել ՀՀ պետական օրհներգը, քննարկել Հայաստանի եկեղեցիների մոտ ՀՀ պետական դրոշ տեղադրելու հարցը։
Կարդացեք նաև՝
