ՊԳԿ պարենային ապրանքների գների ինդեքսը, ինչպես նախորդ երեք ամիսներին, նոյեմբերին ևս նվազել է

ՊԳԿ պարենային ապրանքների գների ինդեքսը, ինչպես նախորդ երեք ամիսներին, նոյեմբերին ևս նվազել է

Պարենային ապրանքների միջազգային գների փոփոխությունները վկայում են համաշխարհային պաշարների առատության և արտահանողների միջև սրվող մրցակցության մասին։

 

Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին նվազել են, ինչը գլխավորապես պայմանավորված է լայն սպառում ունեցող պարենային ապրանքների, միջազգային գների անկումով, բացառություն են հացահատիկային մշակաբույսերը,  հայտնում է ՄԱԿի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ուրբաթ օրը հրապարակված գնահատման ցուցանիշերի տեղեկագրում։

ՊԳԿ պարենային ապրանքների գների ինդեքսը, որն արձանագրում է միջազգային շուկայում վաճառվող հիմնական պարենային ապրանքների գների ամսական փոփոխությունը, նոյեմբերին միջինում կազմել է 125,1 միավոր, որը 1,2 %–ով ցածր է հոկտեմբերին վերանայված ցուցանիշից։ Ինդեքսն արդեն երեք ամիս շարունակ նվազում է։ Այն 2,1 %–ով ցածր է 2024 թ–ի նոյեմբերի ցուցանիշից և 21,9 %–ով ցածր է 2022 թ–ի մարտին գրանցված ամենաբարձր ցուցանիշից։

ՊԳԿ–ի հացահատիկի գների ինդեքսը վերջին ամսվա ընթացքում աճել է 1,3 %–ով։ Չնայած ընդհանուր առմամբ բավարար համաշխարհային պաշարների առկայությանը և Արգենտինայում ու Ավստրալիայում բարձր բերքատվության մասին հաղորդումներին՝ նոյեմբերին ցորենի համաշխարհային գներն աճել են 2,5 %–ով։ Վերջինս պայմանավորված է ԱՄՆից մատակարարումների նկատմամբ Չինաստանի հետաքրքրության հնարավոր աճով, Սևծովյան տարածաշրջանում շարունակվող ռազմական գործողություններով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում 2026 թ–ին ցանքի ծավալների նվազման կանխատեսումներով։ Եգիպտացորենի միջազգային գները ևս բարձրացել են՝ պայմանավորված Բրազիլիայից մատակարարումների կայուն պահանջարկով ։ Մինչդեռ ՊԳԿի բրնձի համաշխարհային գների ինդեքսը նվազել է՝ կապված բրնձի ինդիկա և բուրավետ տեսակների ներմուծման պահանջարկի անկման հետ։

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հոկտեմբեր ամսվա համեմատ նվազել է 2,6 %–ով, քանի որ արմավենու, արևածաղկի և ռապսի  յուղերի միջազգային գների անկումը  գերազանցել է սոյայի յուղի գների աննշան աճը, ինչի պատճառը բիոդիզելի արտադրության ոլորտում սոյայի յուղի մեծ պահանջարկն է, հատկապես Բրազիլիայում։

ՊԳԿի մսի գների ինդեքսը հոկտեմբերի վերանայված ցուցանիշի համեմատ նվազել է 0.8 %–ով։ Թռչնամսի համաշխարհային գները նվազել են արտահանման առատ պաշարների և համաշխարհային մրցակցության սրման պայմաններում, ինչը մասամբ նաև պայմանավորված է Բրազիլիայի՝ շուկայում իր մասնաբաժինը վերականգնելու փորձերով, հատկապես այն բանից հետո, երբ հիմնական ներմուծողները հանել են առևտրային արգելքները՝ կապված բարձր պաթոգենություն ունեցող թռչնագրիպի հետ։ Խոզի մսի գները ևս նվազել են․ հիմնական պատճառներն են Եվրոպական միությունում առատ պաշարների առկայությունը և ներմուծման մաքսատուրքերի ներդրումից հետո Չինաստանից պահանջարկի կրճատումը։ Տավարի մսի միջազգային գները հիմնականում կայուն են մնացել, իսկ ոչխարի մսի գները բարձրացել են։

 ՊԳԿ–ի կաթնամթերքի գների ինդեքսը նոյեմբերին նվազել է 3,1 %–ով, ինչը պայմանավորված է կարագի և կաթի փոշու ցածր գնանշումներով: Նվազումը վկայում է ամբողջական կաթի արտադրության ծավալների աճի և հիմնական արտադրող տարածաշրջաններում արտահանման առատ պաշարների մասին։

ՊԳԿ–ի շաքարի գների ինդեքսը հոկտեմբերի համեմատ նվազել է 5,9 %–ով՝ պայմանավորված ընթացիկ սեզոնում համաշխարհային առատ պաշարների կանխատեսումներով և Բրազիլիայում, Հնդկաստանում և Թաիլանդում արտադրության բարձր ցուցանիշերով։

Ըստ վերջին կանխատեսումների՝ հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրությունն ու պաշարները հասնելու են ռեկորային մակարդակների:

ՊԳԿ–ն հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային շուկաների 2025 թի թարմացված կանխատեսումները։ Քանի որ ցորենի բերքը հատկապես Արգենտինայում գերազանցել է սպասված ծավալները,   կանխատեսվում է, որ հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրությունն առաջին անգամ կգերազանցի երեք միլիարդ տոննան՝ աճելով 4,9 %–ով և հասնելով 3,003 միլիարդ տոննայի։

Ակնկալվում է, որ այլ խոշոր հատիկավորների և բրնձի արադրության ծավալները նախորդ տարվա համեմատ ավելանալու են։ Մասնավորապես կանխատեսվում է համաշխարհային բրնձի արտադրության ծավալների աճ 1,6 %–ով, հատկապես Բանգլադեշում, Բրազիլիայում, Չինաստանում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում։

Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի և պահանջարկի ամփոփագրի նոր թողարկումը ներառում է նաև նախնական տեղեկություններ հյուսիսային կիսագնդում ընթացիկ ձմռան սեզոնի միտումների, ինչպես նաև հարավային կիսագնդում խոշոր հացահատիկային մշակաբույսերի ցանքսի վերաբերյալ։

2025–2026 թթ․ հացահատիկային մշակաբույսերի համընդհանուր սպառումը, ըստ կանխատեսումների, նախորդ տարվա համեմատ կաճի 2,1 %–ով։ Վերջին թարմացված կանխատեսումների համաձայն՝ հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային պաշարները կավելանան 6,5 %–ով՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի՝ 925,5 միլիոն տոննա։ Միևնույն ժամանակ, ըստ 2025–2026 թթ․ կանխատեսումների, հացահատիկի առևտրի ծավալները ևս կաճեն 3,3 %–ով՝ հասնելով 500,6 միլիոն տոննայի։

Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգը (AMIS) ուրբաթ օրը հրապարակել է Շուկայի մշտադիտարկման ամենամսյա զեկույցը։ Ի լրումն շուկայի ընթացիկ թարմացումների՝ զեկույցը ուսումնասիրում է նաև Ապրանքների միջազգային համաձայնագրերի (ICAs)  պատմությունն ու հեռանկարները շուկաների կառավարման և գների տատանումների նվազեցման համատեքստում։

Leave a Comment