Դեկտեմբերի 16-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում շրջայց կիրականացվի։ Դրանից հետո նախատեսվում է փակ քննարկում լրագրողների հետ, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը։
Անդրադառնալով համաներում հայտարարելու հարցին՝ նա նշեց, որ համաներումն ունի իր դրական և բացասական կողմերը։
«Դրական կողմերից է քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը թոթափելը և անձանց երկրորդ շանս տալը, բայց դրա բացասական կողմերը մենք նաև հետագայում հանցագործությունների աճով ենք տեսնում։
Այս պարագայում պետությունը որդեգրել է անհատական մոտեցման քաղաքականությունը, և մենք հիմա աշխատում ենք պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի զարգացման ուղղությամբ, որը հնարավորություն կտա, որ հետագայում, ըստ մեր հաշվարկների, հնարավորինս շատ անձինք պայմանական վաղաժամկետ ազատվեն՝ իրենց վարքով պայմանավորված»,- ասաց Թադևոսյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ նոյեմբերի 24-ի տվյալներով այս տարի պայմանական վաղաժամկետ ազատվել է 151 անձ։
«Անցյալ տարվա ընթացքում 130 էր։ Գնալով տենդենցները ավելանում են, և ես կարծում եմ, որ համապատասխան մեր գործընկերների հետ ճիշտ կոմունիկացիաների արդյունքում մենք հետագայում նաև այս մասով բարելավումներ կունենանք։
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում առկա է տեղաբաշխման հանձնաժողով, որն իրականացնում է անձանց անվտանգային գոտիների փոփոխությունը, այսինքն՝ բարձր անվտանգային գոտուց անձն իր վարքագծով պայմանավորված կարող է հայտնվել առավել ցածր անվտանգային գոտում։ Այս մասով էլ ունենք բարելավումներ»,–ասաց նա։
Անդրադառնալով որոշ ՔԿՀ-ներում պահման պայմաններին, օրինակ, ահազանգեր կան, որ խցում սանհանգույցը ընդամենը վարագույրով է բաժանված, ՔԿԾ պետն ասաց.
«Քրեակատարողական հիմնարկներում առկա պահման պայմանների խնդիրները ևս նորություն չեն։ Եթե հետևում եք քրեակատարողական ծառայության էջին կամ արդարադատության նախարարության էջին, կտեսնեք այս տարվա մեր կատարված աշխատանքները վերանորոգման տեսքով։ Մենք կարիքների գնահատում ենք իրականացնում, դրա հիման վրա, հաշվի առնելով թե ժամանակի ռեսուրսը, թե ֆինանսական ռեսուրսները, ինչ-որ իքս քրեակատարողական հիմնարկներում անում ենք տարբեր վերանորոգումներ, տարբեր կերպ բարելավելով մարդկանց կյանքը։ Այս տարի ևս մենք արդեն կարիքների գնահատում արել ենք և գիտենք թե հաջորդ տարվա համար որտեղ ենք վերանորոգումներ անելու»։