Ես Սրբուհի Գալյանին մինչև իմ պաշտոնավարումը ճանաչել եմ. մենք նույն կուրսում ենք սովորել. Ծովինար Թադևոսյան

Ես Սրբուհի Գայլյանին ճանաչել եմ, այո՛, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ընկերուհին է։

«Ես նախարարին մինչև իմ պաշտոնավարումը ճանաչել եմ. մենք նույն կուրսում ենք սովորել՝  կրիմինոլոգիայի մագիստրոսական ծրագրում։ Այս հարցի մասին շատ-շատ խոսվում է, սակայն խնդրում եմ նայեք նաև իմ կենսագրությունը և տեսեք ես մինչև քրեակատարողական ծառայության ղեկավար լինելը  որտեղ եմ եղել, ի՞նչ կրթություն եմ ստացել, ի՞նչ պաշտոններ եմ զբաղեցրել։

Ես մասնագիտությամբ հոգեբան-կրիմինոլոգ եմ, հետո մագիստրոսական ծրագիրը ավարտել եմ կրիմինոլոգիայի, որը հենց հանցավորության պատճառների վերաբերյալ գիտություն է»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ թեև ինքը հոգեբան է, բայց վերջին տարում ՔԿՀ-ներում ութ ինքնասպանության դեպք է եղել, նա ասաց.

«Այո, դրանից առաջ ես 2020 թվականից սոցիալ-հոգեբանական իրավական աշխատանքների ղեկավարն եմ եղել, և մենք ունեցել ենք ավելի քիչ թվով ինքնասպանություններ. ունեցել ենք երեք, երկու և 2024 թվականին ունեցել ենք զրո ինքնասպանության դեպք։ Ինքնասպանության դեպքերի աճը միանշանակ մեզ ևս շատ անհանգստացնում է, մենք անհատական վերլուծություն ենք անում ամեն դեպքով և փորձում ենք հասկանալ, թե որտեղ են այն մեր սխալները, որը թույլ է տալիս այս իրավիճակի առկայությունը»։

Անդրադառնալով դրանց պատճառներին, Թադևոսյանը նշեց.

«Պատճառները շատ տարբեր են եղել, ունենք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք։ Ունեցել ենք անձինք, որոնք նաև իրենց կատարած հանցանքով պայմանավորված չեն կարողացել համակերպվեն իրենց կատարված արարքի հետ։ Ունեցել ենք անձ,  որ հոգեկան առողջության խնդիր չի փաստվել անձի մոտ, բայց մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ամեն դեպքում անձի մոտ եղել են որոշակի հոգեկան առողջության հետ կապված դրսևորումներ, որոնք հետագայում անձը չի բարձրաձայնել դրա մասին։ Քրեակատարողական հիմնարկը և համապատասխան ծառայությունները դրա մասին չեն իմացել և անձը վերջնական արդյունքում կատարել է ինքնասպանություն»։

Leave a Comment