Արաբկիրի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու գործով նախաքննությունն ավարտվել է

Արաբկիրի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու գործով նախաքննությունն ավարտվել է

8 դեկտեմբերի 2025 – 16:30 AMT

PanARMENIAN.Net – Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետն ու համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կաշառք են պահանջել և ստացել։ Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնյաները, նախապես տեղեկացված լինելով տվյալ վարչական շրջանում գտնվող ավտոտնակների զբաղեցրած հողամասերի վարձակալության պայմանագրերի ժամկետների ավարտի մասին, միասին՝ խմբով, նախնական համաձայնությամբ կաշառք են պահանջել ու ստացել մի քաղաքացուց։

Կաշառքի դիմաց նրանք խոստացել են նվազեցնել վարձավճարների իրական չափը, ապահովել պայմանագրերի երկարաձգման անխափան ընթացքը, ինչպես նաև ավտոտնակների սեփականատիրոջ անունից պատկան մարմիններ ներկայացնել անհրաժեշտ դիմումները։

Գլխավոր մասնագետի նկատմամբ հարուցվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ կալանք։

Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև ստորաբաժանման ղեկավարին։ Նրա նկատմամբ ընտրվել են ՀՀ-ից չբացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։

Բացի այդ, մեղադրանք է ներկայացվել նաև այն քաղաքացուն, որը կաշառք է տվել հիշյալ պաշտոնատար անձանց՝ ավտոտնակների վարձակալության հարցերը հեշտացնելու նպատակով։

Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Leave a Comment