ԱՄՆ-ը նախատեսում է առաջիկա երկու տարիների ընթացքում Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական աջակցություն հատկացնել

Քաղաքականություն

08.12.2025 | 16:06

ԱՄՆ 2026 թվականի պաշտպանական բյուջեում Ուկրաինային ռազմական աջակցության համար նախատեսվում է 400 միլիոն դոլար: Նույն չափով գումար է նախատեսվում նաև 2027 թվականի համար: Այս մասին ասվում է The Hill-ի հրապարակած օրենքի նախագծում, փոխանցում է Current time-ը։

Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ի 2026 թվականի պաշտպանական բյուջեն կկազմի 901 միլիարդ դոլար: Նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում խնդրել էր 892.6 միլիարդ դոլար։

Օրինագիծը նաև կոչ է անում գնահատել Ռուսաստանի «ռազմական նպատակները և ուժերի դիրքը, որոնք ազդում են Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների վրա», մասնավորապես, Չինաստանի։

Առաջարկվում է առանձին պատրաստել Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջև «դիվանագիտական, տեղեկատվական, ռազմական և տնտեսական ոլորտներում երկկողմ կամ բազմակողմ համագործակցության մասշտաբի» նկարագրությունը։

Փաստաթուղթը նաև ներառում է զինծառայողների աշխատավարձի 3,8%-ով բարձրացում, զենքի արտադրության ավելացում և Պաշտպանության նախարարության պայմանագրային համակարգի բարեփոխում: Այն նաև կոչ է անում արագացնել ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, բարեփոխել հրթիռային պաշտպանության համակարգը, ստեղծել բազմաշերտ «Ոսկե գմբեթ» հրթիռային պաշտպանության համակարգ և զորքերն օգտագործել ԱՄՆ հարավային սահմանին՝ համաձայն նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանագրերի։

Օրինագիծն այս շաբաթ կքննարկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment