Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Այդ զգայուն, շատ կարևոր հարցը պետք է օր առաջ լուծվի, Սրբազանին պիտի հնարավորություն ընձեռնվի իր բժշկի հսկողությամբ և իր բժշկի անմիջապես մասնակցությամբ բուժում ստանալ։ Ցավով ուզում եմ նաև ասել, որ այս տխուր վիճակագրությունը նաև մեզ զգոնության, սթափության առիթ է տալիս, որ այս հարցերի վերաբերյալ մենք այնպես պիտի անենք, որ ՔԿՀ-ներում 23 մահվան դեպքը չդառնա 24։
Ցավով ուզում եմ նաև ասել, որ կարող է այդ 24-րդը, Աստված մի արասցե, նաև լինի Սրբազան հայրը»,-ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ վերջինս համապատասխան ընթացակարգերով անցել է, և ինքն այլ մանրամասներ չի կարող հայտնել։
Դանիելյանը նաև տեղեկացրեց, որ պաշտպանը դիմում է ուղարկել, սակայն դիմումի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել, ձևը պետք է փոխվի։
«Այսինքն՝ խնդիրը բյուրոկրատական քաշքշուկների մեջ է։ Մենք այդ ուղղումն էլ կանենք, և կտեսնենք դրանից հետո նորից էլի ձգձգումներ, արհեստական խոչընդոտներ ստեղծվում են, թե չեն ստեղծվում։
Սա պիտի ազդակ լինի մեզ բոլորիս, որ առաջին քրիստոնյա ժողովուրդը լինելով՝ մենք իրավունք չունենք Սրբազան հորը և մյուս սրբազաններին պահել այդ պայմաններում։ Անդառնալի հետևանքներ կարող են լինել, և դա ոչ մեկին պատիվ չի բերում. սա խայտառակություն է»,– ընդգծեց պատգամավորը։