Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Վրացական երկաթուղիներ»-ին հանձնարարվել է Ադրբեջանից Հայաստան երկաթուղով վառելիքի մատակարարումն իրենց տարածքով իրականացնել անվճար, հայտնել է Վրաստանի «Պիրվելի արխի» հեռուստաընկերությունը։
Վրաստանն այսպես է արձագանքել ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, որ «սակագնային արգելքները խոչընդոտում են Ադրբեջանից Հայաստան երկաթուղով վառելիքի մատակարարմանը»։
«Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական, հուսալի գործընկեր երկիր։ Մենք միշտ եղել և մնում ենք տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կողմնակիցներ»,- պարզաբանել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։
Վարչապետի որոշման մասին պաշտոնական կողմերը տեղեկացվել են, հավելել է նախարարությունը։
Նոյեմբերի 6-ին ռուսական ցորենով բեռնված գնացքն էր ժամանել Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել էր, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսում է Ադրբեջանի տարածքով նոր երկաթուղային երթուղով Հայաստան ուղարկել ցորենով բեռնված ևս 132 վագոն:
