Գալյանի խոսքով, կա սահմանված կարգ, և հատկապես եթե հարաբերությունների մեջ փաստաբաններն են, պարտադիր է, որ նրանք պահպանեն սահմանված կարգը
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ, հատկապես արձանագրված, հայտարարել է Արդարատադության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Միքայել Սրբազանի առողջական վիճակին։
«Եթե խոսքը վերաբերում է անձի առողջությանը, ընդամենը պետք է, որ անձը դիմում ներկայացնի։ Այդ դիմումը կքննարկվի և կներկայացվի համապատասխան պատասխանը, այնուհետև կձեռնարկվեն այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն առողջության պահպանմանն ուղղված», – ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ պետությունում գործում է օրենսդրություն, կա նաև սահմանված կարգ, և հատկապես եթե հարաբերությունների մեջ փաստաբաններն են, պարտադիր է, որ փաստաբանները պահպանեն սահմանված կարգը։
«Ես այն մարդն եմ, որը գիտի, պետք է իմանա այն ամենը, ինչ կապված է այդ ոլորտի և այնտեղ պահվող անձանց հետ։ Ես հանձնարարել եմ, որ եթե իր փաստաբանները տեղյակ չեն՝ ինչպես պետք է ներկայացվի համապատասխան դիմումը, մեր իրավաբանն այսօր կմոտենա իրեն և համապատասխան դիմումը ներկայացնի անհրաժեշտ ՊՈԱԿ-ին»,-նշել է նա՝ հավելելով, որ երբ կներկայացվի համապատասխան դիմում, գերատեսչության համապատասխան ստորաբաժանումները գործիքակազմ կդնեն, և անձը կստանա իր համար ցանկալի բժշկական օգնություն և սպասարկում։
Գալյանը նաև ընդգծել է, որ որևէ սուր խնդիր մինչ այս պահը ոչ ոքի մոտ չի արձանագրվել։
Նշենք, որ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի։
«Սա շատ կարևոր հարց է և պետք է օր առաջ լուծվի։ Սրբազանին պետք է հնարավորություն ընձեռվի, որպեսզի իր բժշկի հսկողությամբ և անմիջական մասնակցությամբ այդ վիրահատությունը կատարվի»,- ասել է Դանիելյանը։