«Նոր ընտրություններ կլինեն». Փաշինյանը խոսել է կաթողիկոսի հնարավոր «հեռացումից» հետո ծրագրերի մասին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի «հեռացումից» հետո Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) նոր առաջնորդի ընտրություններ կանցկացվեն, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ»։

Նրա ծրագրի համաձայն՝ առաջին քայլը կլինի կաթողիկոսության տեղապահի ընտրությունը՝ համաձայն եկեղեցում գործող մեխանիզմների։

Երկրորդ առաջնահերթությունը եկեղեցու Կանոնագրքի ընդունումն է, որը պետք է կարգավորի հոգևորականների բարևարքության չափանիշները և երաշխավորի դրանց պահպանումը, ֆինանսական թափանցիկությունը և ապահովման երաշխիքները։

Ըստ վարչապետի՝ Կանոնագիրքը պետք է նաև անդրադառնա ՀԱԵ ապաքաղաքական լինելու անհրաժեշտությանը և դրա ապահովման երաշխիքներին, եկեղեցու գործունեության համապատասխանությանը ՀՀ Հարկային օրենսդրությանը և դրա ապահովման երաշխիքներին։

«ՀՀ օրենսդրությունը, իր հերթին, կնախատեսի երաշխիքներ, որ ՀԱԵ գործունեությունից գոյացած և պետական բյուջե վճարված հարկերն ու տուրքերն ամբողջությամբ կվերադարձվեն եկեղեցուն»,- ասվում է հայտարարությունում։

Նոր Կանոնագիրքը պետք է նաև սահմանի հոգևորականների համար սոցիալական երաշխիքներ և դրանք ապահովելու մեխանիզմներ, որպեսզի նրանք կարողանան լիարժեքորեն օգտվել կուտակային կենսաթոշակային համակարգից, եկամտային հարկի վերադարձից, սոցիալական վարկերից և համընդհանուր առողջապահական ապահովագրությունից: Վարչապետի խոսքով՝ հոգևորականների մեծ մասը ներկայումս չի օգտվում այդ համակարգերից՝ պաշտոնականացված փոխհատուցման մեխանիզմի բացակայության պատճառով:

Եվ միայն այս ամենից հետո, ըստ Փաշինյանի ծրագրերի, կանցկացվեն կաթողիկոսի ընտրություններ՝ նոր կանոնադրության համաձայն։

«Կանոնագիրքը քննարկում և ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մարմինը։ Տեղապահի միջնորդության դեպքում կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին»,- եզրափակել է նա։

Վարչապետն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Նա հաստատել էր, որ պատարագներից առաջ նաև Ազգային անվտանգության ծառայությունն է միջնորդում չհնչեցնել կաթողիկոսի անունը։

Մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ, որ հանդիպել էին Փաշինյանին, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։

Դեկտեմբերի 7-ին Փաշինյանն առաջարկել էր պատարագից առաջ բոլոր եկեղեցիներում հնչեցնել ՀՀ օրհներգը։ Դեկտեմբերի 8-ին նա հայտարարել էր, որ պետք է քննարկվի եկեղեցիների մոտ ՀՀ պետական դրոշի առկայության հարցը։

Leave a Comment