Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին այսօր առավոտյան Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կողմերը քննարկել են երկկողմ հարցերի լայն շրջանակ, անդրադարձել քաղաքական համագործակցությանը, բարիդրացիական հարաբերություններին և երկրների միջև հարաբերությունների կարգավորման մեխանիզմներին, գրում է ԻՌՆԱ-ն։
Ըստ հաղորդագրության՝ Արաղչին Ալիևին է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և ընդգծել Իրանի վճռականությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու Ադրբեջանի հետ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
«Նշելով բարիդրացիական հարաբերությունների երկարաժամկետ մոտեցման կարևորությունը՝ իրանցի դիվանագետը նշել է շարունակական դիվանագիտական խորհրդակցությունների դերը թյուրըմբռնումների վերացման և առկա խնդիրների կառավարման գործում»,- գրում է կայքը։
Ադրբեջանի նախագահը, իր ողջույնները փոխանցելով Փեզեշքիանին, գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների դրական դինամիկայի կապակցությամբ և ընդգծել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ օգտագործելու համագործակցության ընդլայնման համար առկա ամբողջ ներուժը։
Սեպտեմբերին Փեզեշքիանը հայտարարել էր, որ Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Նա հույս էր հայտնել, որ այն կհանգեցնի կայուն արդյունքի և կդառնա երկու հարևան երկրների միջև հարաբերությունների բարելավման հիմքը։
