Իսկ ինչ–որ մեկը հերքո՞ւմ է որ պետության կողմից է հիմնադրվել եկեղեցին ի վերջո, որոշել, որ պետական կրոն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8–ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ քանի ոևր Հայ եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, կա գաղափար, որ պատարագներից առաջ, ժամը 10:55–ին եկեղեցիներում հնչի Հայաստանի օրհներգը, նաև եկեղեցիների դիմաց տեղադրվի ՀՀ դրոշը։
Դիտարկմանը, որ եկեղեցին հիմնադրել են երկու առաքյալները, ոչ թե պետությունը, Գալյնն իրեն շտկեց. «Դե հա, եկեղեցին չի հիմնադրել պետությունը, պարզ է։ Ես կարծում եմ նպատակը և գաղափարը մեր պետության, պետականության գիտակցման, պետության ամրության գիտակցման և միասնականության գիտակցման մեջ է։
Յուրաքանչյուր կազմակերպությունում էլ, այդ թվում և կրոնական, հատկապես եկեղեցում, քանի որ եկեղեցու դերը ընդգծված է սահմանադրությամբ, ինչո՞ւ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության դրոշները և ինչու չի կարող հնչել ՀՀ օրներգը։ Դուք ինքներդ եք ասում, որ դա գաղափար է։ Այո դա գաղափար է, որ հնարավոր է իրացնել»։