Շիրակի թեմը օրինակ պետք է ծառայի մյուսներին․ Ռուբեն Մխիթարյան

Առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ արշավի պայմաններում Շիրակի թեմը հանդես է գալիս միասնական և սկզբունքային դիրքորոշմամբ։ Երբ թեմը հրաժարվեց պատարագ մատուցել իշխանությունների ներկայացրած պայմաններով, կարելի է համարել Փաշինյանի համար «պարտություն»․ ABC Media-ի հետ զրույցում ասել է Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։  Թեմը, ըստ Մխիթարյանի, ցույց տվեց իր ամրությունը, սկզբունքներին հավատարիմ մնալը և պատրաստակամությունը՝ չտրվել իշխանական ճնշումներին։

«Շիրակի թեմը օրինակ հանդիսացավ մյուս թեմերի համար՝ ցույց տալով, որ հնարավոր է չընկնել «իշխանական լարած թակարդը», ինչպես մեծ հաճույքով այդ թակարդն ընկան այն 10 սրբազանները, որոնք դարձել են «օրվա վարչապետի աղանդի բաղկացուցիչ մասը»,- ասել է Մխիթարյանը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի և նախկինում իր կողմից քննադատված որոշ հոգևորականների հարաբերությունների մասին՝ Մխիթարյանը հիշեցրեց, որ Փաշինյանն այսօր մեծ սիրով ողջագուրվում է Կճոյանի հետ, իսկ Ալեն Սիմոնյանն արդեն նրան չի դիմում «պարոն Կճոյանով»՝ ի տարբերություն նախկին հայտարարությունների։ Նրա կարծիքով՝ իշխանության ներկայացուցիչների մոտ դարձել է սովորական սեփական սխալներն ընդունելը, այդ թվում՝ հոգևոր առաջնորդների հետ կապված հարցերում։

Անդրադառնալով Գյումրիին՝ նա նշեց, որ իշխանությունը երբեք չի կարողացել մտնել Գյումրի ո՛չ քաղաքական, ոչ հոգևոր առումով։ Նրա խոսքով՝ գյումրեցիները հերթական անգամ հավատարիմ մնացին իրենց գերեզմաններին, հանգուցյալներին և քաղաքի հիշողությանը՝ թույլ չտալով, որ ողբերգական օրը վերածվի իշխանական կրկեսի։

«Փառք ու պատիվ բոլոր գյումրեցիներին, իրենց արժանապատվությունը հերթական անգամ երևաց ամբողջ Հայաստանում»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 7-ին երկրի նախագահը, վարչապետը, պաշտոնատար այլ անձինք Գյումրիում էին։ Նրանք երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանին ծաղիկներ խոնարհելուց հետո մասնակցեցին «Յոթ վերք» եկեղեցու պատարագին։ Պատարագիչ քահանան Արմավիրի թեմից էր։ Շիրակի թեմի բոլոր հոգևորականները հրաժարվել են մատուցել պատարագ, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրամանով պետք է զեղչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Շիրակի թեմի առաջնորդի անունները։ 

Leave a Comment