8 դեկտեմբերի 2025 – 13:22 AMT
PanARMENIAN.Net – Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված լայնածավալ քննչական և վարութային գործողություններով հաստատվել է, որ քրեակատարողական հիմնարկում կալանավորված Զ․Հ․-ն ստեղծել և ղեկավարել է հստակ կառուցվածքով հանցավոր կազմակերպություն՝ ներգրավելով մի խումբ անձանց և սահմանելով նրանց գործառույթները։
8 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ներկայացվել է հսկող դատախազին՝ հետագա ընթացակարգերը սկսելու նպատակով։
Պարզվել է, որ Զ․Հ․-ն «Տելեգրամ» հավելվածում ձևավորել և կառավարել է բազմաբնույթ անվանումներով օգտահաշիվներ ու առևտրային հարթակներ, որոնց միջոցով 2024-ի հուլիսից մինչև 2025-ի հուլիսը տարբեր անձանց կողմից ապօրինի իրացվել են առանձնապես խոշոր քանակությամբ «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։
Քննչական մարմինը փաստագրել է, որ խմբի անդամները պարբերաբար ձեռք են բերել մեծ ծավալներով թմրամիջոցներ, որոնք հետագայում փոխանցվել են իրացման համար։
Բացի դրանից, ապօրինի իրացումից ստացվող առանձնապես խոշոր եկամուտների՝ առնվազն 24 մլն 16 հզր 284 դրամի ծագումը թաքցնելու նպատակով Զ․Հ․-ն տրամադրել է էլեկտրոնային դրամապանակներ, բանկային քարտերի և հաշվեհամարների տվյալներ ինչպես գնորդներին, այնպես էլ հանցխմբի անդամներին։ Վերջիններս, ստանալով իրենց բաժինները, մնացած գումարները կանխիկացման, փոխանցման և փոխարկման միջոցով փոխանցել են ղեկավարի մատնանշած հաշվեքարտերին։
Նախաքննության ընթացքում Զ․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, որոնք վերաբերում են հանցավոր կազմակերպության ստեղծմանը և ղեկավարությանը, փողերի լվացմանը և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։
Նույն գործով մեկ, երկու և երեքական անձանց նկատմամբ հարուցվել են հետապնդումներ տարբեր հոդվածներով՝ ներառելով հանցխմբին մասնակցությունը, կեղծ արժույթի պատրաստումը և թմրամիջոցների ապօրինի իրացումը։
Նախաքննության ընթացքում երեք անձի համար կիրառվել է կալանք, ևս երեքի՝ տնային կալանք, իսկ մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն։