Թրամփը նշել է, որ «մի փոքր հիասթափված է» Զելենսկուց


Ուկրաինական պատվիրակությունը «հիացած է» երկրի դեմ Ռուսաստանի պատերազմում խաղաղության հասնելուն ուղղված՝ ԱՄՆ վերջին առաջարկով, սակայն նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեռ չի կարդացել այն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդ հայտարարությունն արել է կիրակի Վաշինգտոնում Քենեդիի կենտրոնում կայացած պատվո արարողության շրջանակներում լրագրողների հարցերին պատասխանելիս։ Նա նշել է, որ Ռուսաստանը համաձայն է այդ առաջարկին:


Մինչդեռ Զելենսկին դեկտեմբերի 7-ի երեկոյան իր Telegram ալիքում տեղեկացրել է նախորդ օրն ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։ «Ամերիկացի բանագնացները տեղյակ են Ուկրաինայի հիմնական դիրքորոշումներին, և զրույցը կառուցողական էր, թեև դժվար»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։


Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով դեսպան Քիթ Քելոգը հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիրը «շատ մոտ է» ստորագրմանը, բայց դրա ճակատագիրը կախված է երկու հիմնական հարցերի լուծումից՝ Դոնբասի և Զապորոժիեի ատոմակայանի ապագայից: Ըստ նրա՝ մնացած ամեն ինչ բավական հարթ կլուծվի:


Reuters-ի տվյալով էլ՝ Ռուսաստանը ներկայումս վերահսկում է Ուկրաինայի տարածքի 19,2 տոկոսը, այդ թվում՝ Ղրիմը, ամբողջ Լուգանսկի մարզը, Դոնեցկի մարզի ավելի քան 80 տոկոսը, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի մոտավորապես 75 տոկոսը, ինչպես նաև Խարկովի, Սումիի, Նիկոլաևի և Դնեպրոպետրովսկի մարզերի մի մասը։


ԱՄՆ-ի նախնական առաջարկների համաձայն՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը կվերագործարկվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո, իսկ էլեկտրաէներգիան կբաշխվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Leave a Comment