«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ընկերության կարիքների համար ՀՀ ամբողջ տարածքում նոր սպառողների տեխնոլոգիական միացման էլեկտրամատակարարման աշխատանքների կատարումն իրականացնող կապալառու կազմակերպություններին, ինչպես նաև շինարարության ոլորտում տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցող ընկերության ներկայացուցիչներին:
Այդ մասին տեղեկացնում է ՀԷՑ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտը։
«ՀԷՑ» ՓԲԸ բնականոն գործունեության ապահովման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կապալառու ընկերությունները ՀՀ ողջ տարածքում կիրականացնեն պատվիրակված շինամոնտաժային աշխատանքներն ընդհանուր 7 լոտով և 28 բրիգադներով՝ նպատակ ունենալով առավել վերահսկելի և սահմանված ժամկետներում կատարել նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու գործընթացները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Աշխատանքներն իրականացվելու են ստորև նշված լոտերին համապատասխան.
Առաջին լոտը նախատեսում է աշխատանքների իրականացում Տավուշի մարզի «Աղստև» մասնաճյուղում, Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղում, Լոռու մարզի «Դեբեդ» մասնաճյուղում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի «Գեղամա» մասնաճյուղում (բացի «Չարենցավան», «Հրազդան» էլցանցերից)։
Երկրորդ լոտը նախատեսում է աշխատանքների իրականացում Կոտայքի մարզի «Նաիրի» էլցանցում, և «Չարենցավան» էլցանցում։
Երրորդ լոտը նախատեսում է աշխատանքներ Կոտայքի մարզի «Աբովյան» շահագործման շրջանում և «Հրազդան» էլցանցում։
Չորրորդ լոտը նախատեսում է աշխատանքների իրականացում Արարատի և Վայոց Ձորի մարզերի «Արաքս» մասնաճյուղում, Սյունիքի մարզի «Տաթև» մասնաճյուղում։
Հինգերորդ լոտը նախատեսում է աշխատանքների իրականացում Արմավիրի և Արագածոտնի մարզերի «Մուսալեռ» մասնաճյուղում։
Վեցերորդ լոտը նախատեսում է աշխատանքների իրականացում Երևան քաղաքի «Նորք», «Արաբկիր», «Կենտրոն» շահագործման շրջաններում«։
Յոթերորդ լոտը նախատեսում է աշխատանքների իրականացում Երևան քաղաքի՝ «Մաշտոց», «Էրեբունի», «Շենգավիթ» շահագործման շրջաններում։
«Քննարկման սկզբում տեղի ունեցավ իրականացվելիք աշխատանքներից բխող պարտավորությունների բաշխում, քննարկվեց աշխատանքների փուլային հաջորդականությունը, տեխնիկական հսկողության մեխանիզմներն ու ընթացակարգերը, որոնք ուղղված են նոր միացումների թափանցիկ և արդյունավետ իրականացմանը։
Հանդիպման ընթացքում Ընկերության ժամանակավոր կառավարիչը հավաստիացրեց, որ Ընկերությունն իր հերթին՝ համապատասխան ստորաբաժանումների փոխգործակցությամբ, պատրաստակամ է աջակցելու, որպեսզի համատեղ ջանքերով սահմանված ժամկետներում և ընթացակարգերով իրականացվեն նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու գործընթացները»,- նշված է հաղորդագրության մեջ:

