
Թրամփը այս մասին ասել է Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնում լրագրողների հետ զրույցում։
«Խոսելով Ռուսաստանի մասին՝ կարծում եմ, որ նրանք գոհ են դրանից»,- ասել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի սիրում խաղաղության ծրագիրը, չնայած նրա մերձավոր շրջապատի անդամները հավանություն են տվել դրան։
«Ես վստահ չեմ, որ Զելենսկին հավանում է այն։ Նրա իշխանության շատ անդամների դուր է եկել այն, բայց Զելենսկին չի կարդացել անգամ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նոյեմբերի 20-ին Ուկրաինային ներկայացվել էր խաղաղության ծրագրի նախագիծ, որը սկզբում պարունակում էր 28 կետ։ Փաստաթուղթը մշակել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի թիմը, որը խորհրդակցություններ է անցկացրել Ռուսաստանի հետ։
Նոյեմբերի 21-ի իր ելույթում Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան գտնվում է լուրջ արտաքին ճնշման տակ և կարող է դժվար ընտրության առաջ կանգնել։ Նա ընդգծել է, որ կառաջարկի հնարավոր այլընտրանքային լուծումներ և կապահովի, որ ԱՄՆ խաղաղության ծրագիրը հաշվի առնի Ուկրաինայի ազգային շահերը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ ծրագիրը ստացել է ոչ պաշտոնական ուղիներով։ Նա նշել է, որ դիվանագիտական դադարից հետո հայտնվել է Թրամփի 28-կետանոց խաղաղության ծրագրի նոր տարբերակը, որը թարմացվել է Ալյասկայի հանդիպումից հետո։
Երկրները վերջնական համաձայնության հասնել չեն կարողանում հիմնականում ծրագրի 2 կետերի շուրջ: Թե որոնք են այդ կետերը, և ինչու համաձայնության հասնել չի ստացվում, կարող եք ծանոթանալ մեր անդրադարձում: