8 դեկտեմբերի 2025 – 11:23 AMT
PanARMENIAN.Net – «Միասնության թևեր» նախաձեռնության հիմանդիր Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Սպիտակի երկրաշարժին, նշել է, որ այդ աղետը նաև վեր հանեց հայ ժողովրդի միասնության ուժը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Նա նշել է, որ կարող ենք հաղթահարել ցանկացած վտանգ, եթե կանգնենք կողք կողքի։
«1988 թ. դեկտեմբերի 7-ին դպրոցում էի։ Կեսօր էր, երբ մեզ բոլորիս դուրս բերեցին դպրոցից։ Տագնապ, անհանգստություն. երկրաշարժ էր եղել։ Լավ հիշում եմ, որ հայրս` Հակոբը, նույն օրն ընկերների հետ մեկնեց Լենինական:
Հեռուստացույցով տեսա, որ Լենինականում (Գյումրի), Սպիտակում ու Կիրովականում (Վանաձոր) հազարավոր մարդիկ էին զոհվել, փլատակների էին վերածված բնակավայրերը։ Տարիների ընթացքում միայն հասկացա, թե ինչ մեծ չափերի էր աղետը:
Այդ օրերին բոլորը շտապում էին աղետի վայր օգնության։
Միավորվեցինք ոչ միայն մենք երկրի ներսում, այլ նաև աշխարհը մեր շուրջ՝ Սովետական Միությունից մինչև Եվրոպա, Մերձավոր Արևելքից մինչև Ամերիկա հայերը` Սփյուռքից, ամերիկացիներ, ֆրանսիացիներ, ռուսներ և այլն:
Դա ոչ միայն հայկական, այլև համաշխարհային միավորում էր ցավի ու աղետի շուրջ: Այդ օրը մենք միասին էինք։ Մոռացվել էին բոլոր տարաձայնությունները, մնացել էր մեկ նպատակ՝ հաղթահարել համազգային աղետը։ Դարձյալ ապացուցվեց, որ բարությունը և կարեկից լինելը, ցավը կիսելը խոսում են բոլոր լեզուներով:
Իմ մեջ այս օրը խորհրդանշում է, որ մենք կարողանում ենք միավորվել։
Ասում են, թե մենք չենք կարող միավորվել․ այդ օրերը ապացուցեցին հակառակը։
Այսօր էլ մեզ պետք է այդ նույն միասնությունը՝ ոչ միայն ցավը հաղթահարելու, այլ՝ բարձրանալու և ուժեղանալու համար։ Մենք կարող ենք հաղթահարել ցանկացած վտանգ, եթե կանգնենք կողք կողքի։ Մեր ժողովրդի ուժը հենց այդտեղ է՝ միասնական լինելու, իրար ձեռք մեկնելու և անհնարինը հնարավոր դարձնելու կարողության մեջ»,–ասվում է գրառման մեջ։
Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ի Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպեին: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, անօթևան է մնացել 514 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20,000 մարդ, որոնցից հոսպիտալացվել է 12,500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25,000 մարդ: