ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «դեռ պատրաստ չէ» հավանություն տալ Վաշինգտոնի կողմից առաջարկված Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծին: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Ֆլորիդայում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների եռօրյա բանակցություններից հետո Թրամփի հայտարարությունը:
Թրամփի խոսքով՝ «Զելենսկու թիմը պաշտպանում է փաստաթուղթը», սակայն Ուկրաինայի նախագահն ինքը «դեռ չի ծանոթացել» առաջարկին։ Զելենսկին ի պատասխան բանակցությունները անվանել է «կառուցողական, բայց ոչ հեշտ» և շարունակում է խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ:
Վաշինգտոնը պնդում է, որ գտնվում է պլանի նախապատրաստման «վերջնական փուլում», սակայն ընդունում է փաստաթուղթը ստորագրելու Կիևի և Մոսկվայի պատրաստակամության բացակայությունը: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ամերիկյան կողմի որոշ առաջարկներ, որոնք տեղ են գտել ավելի վաղ Մոսկվային փոխանցված փաստաթղթերում, արժանացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատությանը, սակայն ինչ-որ բանի հետ նա համաձայնել է:
ԱՄՆ-ն խաղաղության համաձայնագրի նախագիծն առաջին անգամ ներկայացրել էր նոյեմբերին, իսկ Թրամփը հրապարակայնորեն կոչ էր արել Կիևին տարածքային զիջումները դիտարկել որպես պատերազմի ավարտի ճանապարհ:
