8 դեկտեմբերի 2025 – 10:26 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ ճիշտ կլինի, որ բոլոր եկեղեցիներում կիրակնօրյա պատարագից առաջ կատարվի ՀՀ օրհներգը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»,- գրել է վարչապետը։
ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ, որով իրենց անվերապահ նվիրվածությունն ու որդիական հավատարմությունն են հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին։ Հայտարարությունը ստորագրել է 27 բարձրաստիճան հոգևորական: