8 դեկտեմբերի 2025 – 10:18 AMT
PanARMENIAN.Net – Եպիսկոպոսաց ժողովը, որը նախատեսված էր անցկացնել դեկտեմբերի 10-12-ը, ժամանակավորապես հետաձգվել է։ Այդ մասին ասվում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հայտարարության մեջ։
«Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է»,–ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարել էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշմամբ դեկտեմբերի 10-12-ը նախատեսվում է եպիսկոպոսաց ժողովի հրավիրմամբ քննարկել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքի հետ կապված խնդիրները։
ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։
Կալանքի տակ են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը։