Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը երբեմն արտահայտվում ռուսերեն խոսող հայտնի գործիչների միջոցով։ Նրանցից մեկը 1998-1999 ՀՀ վարչապետ, 2001-2023 Հայ-ռուսական (Սլավոնական) համալասարանի ռեկտոր եղած Արմեն Դարբինյանն է։ Վերջինս օրեր առաջ Վիտալիյ Դիմարսկու հետ հարցազրույցում ներկայացրել է իր պատկերացումները հայ-ռուսական հարաբերությունների, ՀՀ վարած քաղաքականության, արցախցիների հնարավոր վերադարձի և հանրությանը հուզող մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Արմեն Դարբինյանը այսպես կոչված՝ տեխնոկրատների կառավարության ղեկավար էր նշանակվել 1998-ին։ Սա մեր պատմության մեջ բացառիկ փորձն է, երբ ոչ մի կուսակցություն չի ստանձնել պատասխանատվություն պետության վարած քաղաքականության համար։
Իհարկե՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքը քաղաքական օրակարգի հարցերի վերաբերյալ կարող էր հետաքրքիր լինել հանրության համար։ Եվ օրինաչափ է, որ նրա այս հարցազույցը հանրային մեծ արձագանք է ստացել։ Ոմանք նույնիսկ հույսով են լցվել, որ նա գուցե քաղաքական հայտ կներկայացնի առաջիկայում և կներգրավվի ռուսամետ ուժերի շարքերում։ Ոմանք էլ կանխատեսում են, որ նա կարող է նշանակվել ՌԴ-ում ՀՀ դեսպան։
Հիշեցնենք, որ Արմեն Դարբինյանը մոտ 22 տարի Սլավոնականի ռեկտոր աշխատելուց հետո ազատվել է աշխատանքից։ Ասեկոսեներ էին շրջում, թե նրան հեռացել են ռուսները, քանի որ վերջին շրջանում նա լավ չի սպասարկել ռուսական հետաքրքրությունները Հայաստանում։ Ասում են նաև, որ նա ՌԴ ԱԳ նախարար Լավրովի բարեկամն է։
Զարմանք է առաջացրել այն, որ Արմեն Դարբինյանը նշված հարցազրույցում մի շարք թեմաների շուրջ կրկնում է ոչ թե ռուսամետ ուժերի, այլ ՔՊ-ական նարատիվները։ Այսպիսով նա, կարծես՝ ցույց է տալիս, թե նեղացած է ռուսներից, որ ազատել են իրեն Սլավոնականի ռեկտորի պաշտոնից։ Ու իր վիրավորվածությունը ցույց տալու համար կրկնում է ՔՊ-ական խոսույթը, ակնարկելով, թե պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին։
Մեկ այլ վարկածով էլ ենթադրվում է, որ ռուսներն Արմեն Դարբինյանի միջոցով ակնարկում են, թե սատարում են Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս իրենց հավատարիմ գործընկերն է և անխախտ է պահում հայ-ռուսական օրակարգը։ Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում որոշակի ջերմություն է նկատվում։ Չի բացառվում, որ Արմեն Դարբինյանը Լավրովի միջնորդությամբ կնշանակվի ՌԴ-ում ՀՀ դեսպան։ Եվ հավանաբար՝ դրա համար էր նա հիշյալ հարցազրույցում տպավորություն ստեղծում, թե համակարծիք է ՀՀ այսօրվա իշխանության դիրքորոշումների հետ։
Ռուսամետ շրջանակներում Արմեն Դարբինյանը լայն ճանաչում ունի։ Եվ նրա դիրքորոշումը կարող է վարակիչ դառնալ։ ՔՊ-ականները կարող են նրա օրինակով ցույց տալ, որ Հայաստանում ռուսամետ, ռուսախոս զանգվածը հավանում է Փաշինյանի վարած քաղաքականությունը և հակված է ընտրելու ՔՊ-ին։ Սա մեծ աջակցություն կլինի Կրեմլի կողմից, որը կնպաստի Փաշինյանի վերընտրությանը։
Կարճ ասած՝ եթե Փաշինյանն ու Կրեմլը պայմանավորվածության են եկել, որ Մոսկվան աջակցելու է Փաշինյանին գալիք ընտրություններում, ապա առաջիկայում հայտնի այլ գործիչներ ռուսախոս լսարանի համար կկրկնեն ՔՊ-ական նարատաիվները, տպավորություն ստեղծելով, որ ՔՊ-ի վարած քաղաքականությունը ողջամիտ է և ընդունելի, Մոսկվայի, ռուսախոս հայերի համար։
Իսկ եթե Արմեն Դարբինյանը նեղացել է ռուսներից, որ իրեն ազատել են Սլավոնականի ռեկտորի պաշտոնից, ապա առաջիկայում նա կարող է ավելի բացահայտ ու ուղղակի պաշտպանել Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը քաղաքական օրակարգի կարևոր հարցերում։ Գուցե այդպիսի սատարման ցույցերից հետո նա կվերականգնվի Սլավոնականի ռեկտորի պաշտոնում կամ ավելի բարձր պաշտոն կստանա Փաշինյանի կառավարությունում։
Թաթուլ Մկրտչյան