Մարմնի լեզվի փորձագետը կարծում է, որ Մոհամեդ Սալահն արդեն հստակ որոշում է կայացրել «Լիվերպուլում» իր ապագայի վերաբերյալ՝ շաբաթ օրը «Լիդսի» դեմ կայացած ոչ-ոքիից (3-3) հետո թիմի գլխավոր մարզիչ Առնե Սլոտի հասցեին հնչեցրած քննադատությունների ֆոնին։ Այս մասին գրում է Goal.com-ը։
Սալահը արդեն երրորդ խաղն անընդմեջ սկսել էր պահեստայինների նստարանից, իսկ «Լիվերպուլը», խաղավերջում գոլ բաց թողնելով, կորցրեց հաղթանակը՝ էլ ավելի խորացնելով անհաջող մրցաշրջանի տպավորությունը։
«Էլանդ Ռոուդում» գրանցված ոչ-ոքին նշանակում է, որ «Լիվերպուլը» հաղթել է իր վերջին 15 պաշտոնական հանդիպումներից միայն 4-ում, ինչը մեծացնում է ճնշումը գլխավոր մարզիչ Առնե Սլոտի վրա։ Սակայն հետխաղյա լրահոսի կենտրոնում Սալահն էր, ով պնդում է, որ ակումբն իրեն «հարվածի տակ է դրել»՝ մեղավոր դարձնելով առկա խնդիրների մեջ։ Եգիպտոսցի հարձակվողն այլևս վստահ չէ, թե արդյոք ունի ապագա «Էնֆիլդում»:
Մինչ Եգիպտոսի հավաքականին միանալը (Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության համար), Սալահի վերջին հանդիպումը լինելու է հաջորդ հանգստյան օրերին՝ «Բրայթոնի» դեմ։ Հնարավոր է, որ դա դառնա նրա վերջին ելույթը մերսիսայդյան ակումբի կազմում։
OLBG-ի հետ զրույցում մարմնի լեզվի փորձագետ Դարեն Սթենթոնը նշել է. «Մոհամեդ Սալահը հետաքրքիր անձնավորություն է վերլուծության համար, նա շատ էմոցիոնալ է։ Կարծում եմ՝ նա անկեղծ է և լիովին հավատում է իր ասածներին առ այն, որ իրեն մեղավոր են դարձրել «Լիվերպուլի» խնդիրների համար։ Նրա զայրույթն ու հիասթափությունն ակնհայտ են։ Ներքևի շրթունքի կծելը անհանգստության և հիասթափության նշան է։ Թեև տեսնում ենք ժպիտներ, դրանք իրական չեն, այլ քողարկող «կեղծ» ժպիտներ են»։
Փորձագետը հավելել է. «Կարծում եմ՝ նա արդեն որոշում է կայացրել և չեմ զարմանա, եթե ծրագրում է արագ հեռանալ։ Ըստ նրա պահվածքի և արտահայտությունների՝ նա կարծում է, որ այս թիմը, մարզիչը և ակումբի ներկայիս իրավիճակը «կորած գործ» են։ Նա սովոր է հաջողությունների, իսկ այժմ խնդիրներ ունի թիմի հետ։ Անկախ նրանից՝ խնդիրը մարզիչն է, թե թիմակիցները, պարզ է, որ նա ելք է փնտրում՝ անկախ ղեկավարության հետագա քայլերից»։
«Լիվերպուլը» շաբաթվա կեսին Չեմպիոնների լիգայի շրջանակում կմրցի «Ինտերի» հետ, իսկ հանգստյան օրերին կընդունի «Բրայթոնին»։ Շշուկներ կան, որ հարձակվողը կարող է հունվարին տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ», որը պատրաստ է 33-ամյա ֆուտբոլիստին տարեկան 15 միլիոն ֆունտ վճարել։
Սալահի կարիերայում կտրուկ անկում է գրանցվել։ Անցյալ մրցաշրջանում՝ Սլոտի նորամուտային տարում, երբ «Լիվերպուլը» նվաճեց Պրեմիեր լիգայի տիտղոսը, Սալահը դարձավ 29 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Սակայն ընթացիկ՝ տիտղոսի պաշտպանության անհաջող մրցաշրջանում, նա հեղինակել է ընդամենը 4 գոլ և 2 գոլային փոխանցում։
«Լիվերպուլը» ծանր երկրորդ մրցաշրջան է անցկացնում Սլոտի գլխավորությամբ։ «Լիդսի» հետ ոչ-ոքիից հետո թիմը առաջնության վերջին 10 խաղում տարել է ընդամենը 2 հաղթանակ։ «Կարմիրները» այժմ 8-րդ հորիզոնականում են և 10 միավորով զիջում են առաջատար «Արսենալին»։ Միևնույն ժամանակ, մրցակից «Մանչեսթեր Սիթին» ընդամենը 2 միավորով է հետ մնում «Զինագործներից»։