Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հոգևորականների ժողովը կոչ է արել գումարել Ազգային եկեղեցական խորհուրդ՝ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու համար։
Նրանք լիակատար աջակցութիյուն ու նվիրում են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետին, հավելելով, որ պատարագների ժամանակ Վեհափառի անունը հիշատակելը նույն ժոցովի իրավական պահանջն է:
«Հայոց Առաքելական Ս. Եկեղեցին համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ ինքնակառավարվող հաստատություն է և անջատ պետությունից: Ներկա կառավարության միջամտությունը Եկեղեցու գործունեությանը հակասում է Սահմանադրական կարգին», – ասվում է հայտարարույան մեջ։
Նշելով, որ ՀԱԵ-ուն վերաբերող հարցերը պետք է լուծվեն եկեղեցական կանոններին համապատասխան, ժողովը խնդրել է կաթողիկոսին գումարել Ազգային եկեղեցական խորհուրդ՝ եկեղեցու և նրա առաջնորդի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու համար։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Նա հաստատել էր, որ պատարագներից առաջ նաև Ազգային անվտանգության ծառայությունն է միջնորդում չհնչեցնել կաթողիկոսի անունը։
Փաշինյանի հետ հանդիպումից 3 օր անց մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ Նրանց մեծ մասն ավելի վաղ ստորագրել էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հրաժարականը պահանջող հայտարարություն, ինչպես նաև մասնակցել էր Փաշինյանի հետ հանդիպմանը։
