Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում ներկա են գտնվել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատարագին: Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Պատարագին ներկա էին նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ։ Պատարագին մասնակցել են նաև նոյեմբերի 27-ին Փաշինյանի հետ հանդիպած հոգևորականներից մի քանիսը, այդ թվում՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։
Գյումրեցիներից շատերը, ի նշան բողոքի, չեն մասնակցել պատարագին։ Շիրակի թեմի հոգևորականները, ովքեր ավելի վաղ հրաժարվել էին Փաշինյանի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի չհնչեցնելու պայմանով պատարագ մատուցել Յոթ վերք եկեղեցում, կիրակնօրյա պատարագը մատուցել են Գյմուրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ Յոթ վերք եկեղեցում պատրագը մատուցել է քահանա Մկրտիչ Մուշադյանը՝ Արմավիրից։
Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը, ի նշան բողոքի, Գյումրիի քաղաքապետարանի շենքի վրա փակցրել է կալանավորված Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի նկարներով պաստառ, որը ոստիկաններն ավելի ուշ հեռացրել են։
«Քաղաքական «պատարագին» քաղաքական պատասխան»,- գրել է նա՝ այդպես արձագանքելով Փաշինյանի մասնակցությամբ մատուցվող պատարագին։
Շիրակի թեմից Նշան քահանա Պանֆյորովը նշել է, որ «բիրտ ուժով տեղի ունեցծ պատարագը պատարագ չէ»։
«Նրանք նզովքի են արժանի», – շեշտել է քահանան՝ նկատի ունենալով իշխնություններին։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատարագից հետո, լրագրողներին հայտնելով իր անձնական կարծիքը, նշել է, որ «եկել է հաջորդ պատարագը Մայր Աթոռում անցկացնելու ժամանակը»։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Նա հաստատել էր, որ պատարագներից առաջ նաև Ազգային անվտանգության ծառայությունն է միջնորդում չհնչեցնել կաթողիկոսի անունը։
Փաշինյանի հետ հանդիպումից 3 օր անց մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ Նրանց մեծ մասն ավելի վաղ ստորագրել էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հրաժարականը պահանջող հայտարարություն, ինչպես նաև մասնակցել էր Փաշինյանի հետ հանդիպմանը։
Կարդացեք նաև՝
