Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին զեղչվեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի և Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել Աջապահյանի անունները։
Երբ նրանց անունները զեղչվեցին, պատարագի ներկա քաղաքացիներից մի քանիսը, ի նշան բողոքի, բարձրաձայն հնչեցրին նրանց անունները։ Տեսանյութերից երևում է, որ բարձրաստիճան հոգևորականների անունները հնչեցնելուց հետո մի քաղաքացու ուժայինները հեռացրին եկեղեցուց։
Ներքին գործերի նախարարությունից Armenia Today-ին հայտնել են քաղաքացուն հեռացնելու պատճառը՝ տեղեկացնելով, որ ձերբակալվածներ չկան։ Կաթողիկոսի և Աջապահյանի անունները հնչեցրած քաղաքացուն հեռացնելը ՆԳՆ-ում բացատրել են «Միջադեպի կանխման և անվտանգության ապահովման նկատառմամբ»։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը նաև տեղեկացրել է մեկ այլ անձի համայնքային ոստիկանություն տեղափոխելու մասին։
«Եվս մեկ անձ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 175-րդ հոդվածով (հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը) նախատեսված արարք կատարելու համար տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մուշի բաժին, իրականացվում է վարչարարություն»,- հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Վերջինը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Սարգիս եկեղեցում։ Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում է մասնակցում պատարագի, Շիրակի թեմը հրաժարվել էր պատարագ մատուցել Փաշինյանի առաջադրած պայմաններում․ Փաշինյանն ավելի վաղ հաստատել էր, որ պատարագներից առաջ նաև Ազգային անվտանգության ծառայությունն է միջնորդում չհնչեցնել կաթողիկոսի անունը։
Նոյեմբերի 30-ին եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ Նրանց մեծ մասն ավելի վաղ ստորագրել էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հրաժարականը պահանջող հայտարարություն, ինչպես նաև մասնակցել էր Փաշինյանի հետ հանդիպմանը։
Կարդացեք նաև՝
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
Ինձ վերագրվող տեսանյութերը կեղծիք են և սուտ․ Արշակ արքեպիսկոպոս
Նյութը թարմացվել է 13։35-ին։
