Դեկտեմբերի 7․ լրանում է Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցը – Armenia Today

Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցը․ Հայաստանը հիշում է 25 000-ից ավելի մարդու կյանք խլած ողբերգության զոհերին։

1988-ի այս օրը մեկ րոպեից էլ քիչ տևած ուժգին ցնցումը հիմնահատակ ավերեց Սպիտակը, ծանր վնասեց Գյումրին ու Վանաձորը, տասնյակ համայնքներ մնացին կիսավեր։ Զոհվեց ավելի քան 25 000 մարդ, շուրջ 19 000-ը վիրավորվեց, իսկ ավելի քան հինգ հարյուր հազար քաղաքացի մնաց անօթևան։ Երկիրը կանգնեց հումանիտար աղետի փորձության առաջ։

Աղետի հետևանքները հաղթահարելու գործում վճռորոշ էր միջազգային արձագանքը՝ տասնյակ երկրներ օգնություն ուղարկեցին Հայաստան, իսկ փրկարարական աշխատանքները դարձան համաշխարհային համագործակցության օրինակ։ Փլուզված տարածքների վերականգնման և երկրաշարժի հետևանքների վերացման համար ներգրավել են խորհրդային բոլոր հանրապետությունները, ինչպես նաև Բելգիան, Իսրայելը, Իտալիան, Լիբանանը, Նորվեգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Չինաստանը, Շվեյցարիան և այլ երկրներ, որոնք Հայաստան են ուղարկել փրկարարական տեխնիկա, մասնագետներ, սննդամթերք և դեղամիջոցներ։

Հայստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրն առաջիններից էր, որն արձագանքել է հայրենակիցների վշտին։ Երկրաշարժի արդեն երկրորդ օրը նա հիմնել էր «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական կազմակերպությունը։ Ազնավուրը կազմակերպել է բարեգործական աճուրդներ, համերգներ համաշխարհային աստղերի մասնակցությամբ, որոնցից ստացված հասույթը փոխանցվել է Հայաստանի օգնության ֆոնդին։

37 տարի անց այս օրը միայն ցավի հիշողություն չէ․ այն նաև համազգային համախմբման և փրկարարների, բժիշկների, կամավորների անսպառ նվիրումի մասին պատմող էջ է։ Աղետի հետևանքները հաղթահարելու գործում վճռորոշ էր միջազգային արձագանքը՝ տասնյակ երկրներ օգնություն ուղարկեցին Հայաստան, իսկ փրկարարական աշխատանքները դարձան համաշխարհային համագործակցության օրինակ։

1988 թվականի երկրաշարժի մասին մի քանի ֆիլմ է նկարահանվել։ Դրանց թվում են երեք վավերագրական ֆիլմ, որոնք թողարկվել են ԽՍՀՄ-ում ողբերգությունից մեկ տարի անց՝ «Հայաստան. դժոխքի յոթ օրերը», «Զենքերը զանգերի վրա» և «Երկրաշարժ»։ 2016 թվականին կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը նկարահանել է «Երկրաշարժ» գեղարվեստական ​​ֆիլմը, որը ցուցադրվել է մի քանի երկրներում և Սանկտ Պետերբուրգի «Виват кино России» XXV կինոփառատոնում ստացել է մրցանակ լավագույն օպերատորի աշխատանքի համար։ 2018 թվականին էկրան է բարձրացել Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը, որը 2019 թվականին Հայաստանից առաջադրվել է Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։

Տարելիցի օրը երկրով մեկ անցկացվում են հիշատակի արարողություններ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերին և շնորհակալություն հայտնելու այն մարդկանց, ովքեր կանգնեցին աղետի առաջին գծում։ Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունենում պատարագ՝ նվիրված 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։

Leave a Comment