Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային փաստաթղթերի հրապարակումը վկայում է,
որ մենք երբեք խնդրի կարգավորման հայանպաստ առաջարկ չենք ստացել։ Այս մասին
Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Մարինա Ղազարյանը՝ անդրադառնալով օրերս Կառավարության
կողմից հանրայնացված փաստաթղթերի տրցակին, մասնավորապես՝ 2019-ի հունիսին (այն 2016
թ.-ի փաստաթղթի ամփոփագիրն է) առաջարկված պլանին։ «Մենք
չենք ունեցել ղարաբաղյան հարցը հայանպաստ լուծելու հնարավորություն։ Որպես պատմության
երբեմնի ուսուցիչ՝ նախկինում մշտապես հավատում էի, որ մենք կարող ենք հասնել խնդրի՝
մեր շահերից բխող լուծման, քանի որ մեզ մշտապես այդպես էին ներկայացնում։ Մինչդեռ փաստաթղթերի
հրապարակումը հակառակն ապացուցեց։ Ուստի երբ ամեն բան պարզ է, պետք չէ ստեղծված իրավիճակի
ողջ մեղքը գցել կառավարող ուժի գրպանը։ Բոլորը գիտեին, որ այդ հարցը անլուծելի էր»,-
նշեց տիկին Ղազարյանը։
Խոսելով եկեղեցու շուրջ արդեն ամիսներ ձգվող ճգնաժամի մասին ու պատասխանելով հարցին՝
ի՞նչ ժամկետում այն կհանգուցալուծվի, ՔՊ խմբակցության
պատգամավորը նշեց՝ ժամկետների մասին կանխատեսում անել չի կարող, բայց պրոցեսները բավական
արագ են զարգանում։ «Սկզբից մեզ մեղադրում էին, թե իբր արշավ ենք սկսել եկեղեցու դեմ,
մինչդեռ մենք պայքարում ենք հանուն եկեղեցու։ Որպես հավատավոր հոտի ներկայացուցիչ՝
բազմիցս լսել էի, թե ինչ բարքեր ունեն բարձրաստիճան որոշ հոգևորականներ։ Ես քիչ էի
գնում եկեղեցի, բայց իմ հավատքը ինձ հետ էր։ Երբ մենք բարձրաձայնեցինք հարցը, բոլորը
համաձայնեցին, որ, իրոք, խնդիր կա, ինչի մասին լռել ենք մինչ այդ։ Հիմա այս գործընթացը
միտված է նրան, որ մեր հավատը վերադառնա առ հոգևորականներ, ես ինքս էլ չեմ հավատում
մեր եկեղեցականներին։ Կտրիճ Ներսիսյանը պետք է գիտակցի այս ամենն ու ինքնակամ հեռանա,
չստիպի, որ ժողովուրդը գնա Մայր Աթոռ, ինքը պետք է ինքնակամ հրաժարական տա։ Դուք տեսաք,
թե Ֆրանսիայում նախօրեին ինչպես տեղի համայնքի ներկայացուցիչները ընդունեցին նրան»։
Հակադարձելով այն դիտարկմանը, թե՝ եկեղեցիներում, որտեղ վարչապետը պատարագների
է մասնակցում, լայն զանգվածներ չեն հավաքվում, հետևապես չեն սատարում «վեհարանը Գարեգին
Բ-ից ազատագրելու» գործընթացին, տիկին Ղազարյանը նկատեց. «Համոզված եմ՝ եթե պարոն Փաշինյանը կոչ անի, եկեղեցիներում
կհավաքվեն շատ մարդիկ։ Հավատացեք՝ հենց այդպես էլ լինելու է։ Իսկ մարդիկ, ըստ իս, վարչապետի
ներկայությամբ պատարագներին չեն մասնակցում, քանի որ ամեն մեկն իր տարածաշրջանի եկեղեցիներն
է գնում»։
Մարինա Ղազարյանի հետ մեր
զրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան