«Ոչ ոք նրան չի վստահում». UFC մարտիկ Փեդի Փիմբլեթը քննադատել է Արման Ծառուկյանին

Բրիտանացի խառը մարտարվեստի մարզիկ Փեդի Փիմբլեթը քննադատել է Արման Ծառուկյանին՝ մեկնաբանելով նրա վարքագիծը կշռման արարողության ժամանակ և տիտղոսի համար պայքարելու նրա նկրտումները: Հարցազրույցում Փիմբլեթը պնդել է, որ Ծառուկյանը «գրեթե փչացրել է գլխավոր իրադարձությունը», երբ մենամարտի ժամանակ գլխով հարվածել է նորզելանդացի մարտիկ Դեն Հուքերին։

Բրիտանացու խոսքով՝ այս վարքագիծը ցույց է տալիս, որ Արմանը «չի կարողանում վերահսկել իր հույզերը» և «չի կարելի նրան թույլ տալ տիտղոսական մենամարտի»։

«Նա կարծում է, որ եթե իր ընտանիքը փող ունի, կարող է ամեն ինչ անել։ Բայց դա ճիշտ չէ։ Նա պետք է լռի և հիշի իր տեղը»,- ասել է Փիմբլեթը։

Փիմբլեթը նաև քննադատել է հայ բռնցքամարտիկի ոճը՝ նրան անվանելով «ձանձրալի» և մեղադրելով «նույնիսկ բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտը ձանձրալի դարձնելու» մեջ. «Ոչ ոք չի ուզում դիտել նրա մենամարտերը: Նա կարողացավ մենամարտը ձանձրալի դարձնել այն տղայի դեմ, ով երբեք ձանձրալի մենամարտեր չի ունեցել»:

Խոսելով նրանց միջև հնարավոր հակամարտության մասին՝ Փիմբլեթը նշել է, որ Ծառուկյանն սպառնացել է հարվածել իրեն, բայց «ոչինչ չի արել», երբ նրանք վերջերս հանդիպել էին Կատարում։

Բրիտանացին նշել է, որ Ծառուկյանը կարող է զբաղեցնել UFC-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը, բայց «թող նստի ու սպասի»։ UFC-ն նախկինում հայտարարել էր, որ Գեթջին և Փիմբլեթը կհանդիպեն հունվարի 24-ին՝ UFC 324-ում, որտեղ կվիճարկվի ժամանակավոր չեմպիոնական գոտին։ Գործող չեմպիոն Իլյա Թոփուրիան դադարեցրել էր մրցումներն անձնական պատճառներով և չի կարողանա մրցել 2026 թվականի առաջին եռամսյակում։

Նոյեմբերի 23-ին Ծառուկյանը Կատարում կայացած UFC Fight Night 265-ում հաղթանակ էր տարել նորզելանդացի Դեն Հուքերի նկատմամբ։ Սա նրա հինգերորդ անընդմեջ հաղթանակն էր։ 

Leave a Comment