Ես չեմ պատկերացնում, օրինակ, յոթ կամ ութ տոկոսանոց տնտեսական աճ, որը չպետք է զուգորդվի աղքատության առնվազն երեք տոկոսանոց անկման հետ։ Այս մասին աջակիցների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Իմ փորձը ինձ դա է հուշում։ Իմ ժամանակ մենք միջին տնտեսական աճը ունեցել ենք 10,5% տարեկան, 10 տարվա ընթացքում, և 10 տարվա ընթացքում աղքատությունը 56%-ից իջել է մինչև 25%: Իսկ տնտեսական աճը զուգորդվում է աղքատության նվազման հետ: Եթե դա չի զուգորդվում, ուրեմն տնտեսական աճը կամ նկարած է, կամ այդ աճի բարիքներից օգտվում են շատ նեղ շրջանակներ: Հիմա էլ այդ հնարավորությունը կա մտնել կրիպտավալուտայի մեջ և ուղղակի հետքերը կորցնել:
Այսօրվա տնտեսական աճը յուրահատուկ է նաև նրանով, որ սպեկուլատիվ բնույթ է կրում: Նայեք, մեր մոտ հանկարծ առաջին հարկատուն դառել է մի ընկերություն, որը հեռախոսներ է վաճառում: Եթե ուղղակի թվերը նայեք, ստացվելու է, որ Հայաստանում ամբողջ բնակչությունը՝ ներառյալ նորածիններին, տարեկան հինգ հատ հեռախոս են փոխում։
Այս տնտեսական աճը իհարկե չի կարող աղքատության նվազման էֆեկտը ունենալ։ Ինքը փուչիկ աճ է, շատ նեղ շրջանակներ են այդ աճից օգտվում: Հիմա մեթոդաբանությունն են փոխել, աղքատությունը իբրև նվազել է, չի նվազել, ասեմ 10 տարում 56%-ից աղքատությունը հասցրել ենք 25-ի, հիմա մոտ ութ տարում աղքատությունը ոնց ընդունել են այդպիսինն էլ մնացել է:
Սա նշանակում է նաև ներառական լինելու հանգամանքի բացակայությունը: Իմիջիայլոց դա այն բառն է, որը այս իշխանությունը առաջին տարիներին ամեն շաբաթ մի 100 անգամ ասում էր։ Չկա։ Երբ դու ունենում ես իրական տնտեսական աճ, դու պարտքային բեռը չես մեծացնում։ 1 միլիարդ ամեն տարի պարտք է ավելացնում Հայաստանի Հանրապետությունը։ Ինչի՞ համար։ Ես որ ընդունել եմ իշխանությունը, պարտքը եղել է մեր համախառն ներքին արդյունքի 46%-ը։ Ես հանձնել եմ իշխանությունը մոտ 13-15% էր, կարող է թվերում մի քիչ սխալվեմ։ Հիմա սրանք ընդունել են պարտքը վեց ու քանի միլիարդ դոլար, հիմա ընդհանուր պարտքը դառել է մոտ 14 միլիարդ։ Նույնիսկ եթե միայն այդ տարեկան այդ միլիարդը արդյունավետ դնեին տնտեսության մեջ, տնտեսական աճը ավելի մեծ պիտի լիներ, ուրեմն այդ գումարները ուղղակի մսխվում են, կամ նկարում են։ Բայց պարտքը չեն նկարում, պարտքը իրական պարտք է, մնացած թվերը նկարում են՝ ինչ-որ ձևի արդարանալու համար», — ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։