Շիրակի թեմ․ Եթե թեմի հոգևորականներից բացի, որևէ մեկը թեմի եկեղեցիներից մեկում, Յոթ Վերքում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է

Շիրակի թեմ․ Եթե թեմի հոգևորականներից բացի, որևէ մեկը թեմի եկեղեցիներից մեկում, Յոթ Վերքում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է

6 դեկտեմբերի 2025 – 13:39 AMT

PanARMENIAN.Net – Շիրակի թեմի հոգևորականները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ եթե թեմի հոգևորականներից բացի, որևէ մեկը թեմի եկեղեցիներից մեկում, այդ թվում «Յոթ Վերքում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է»։

«Մենք՝ ներքոստորագրյալներս՝ Շիրակի թեմի հոգևորականաց դասը, հայտարարում ենք, որ հիմա և միշտ, մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ պատարագ ենք մատուցելու և, մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին և նրա օրինավոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագույն կաթողիկոս, հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել Արք. Աջապահյանի անունները:

Ի գիտություն մեր հավատավոր ժողովրդի հայտնում ենք, որ եթե, բացի մեր թեմի հոգևորականներից, որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում և, մասնավորապես Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը և կրոնական ծեսի՝ Սուրբ Պատարագի, իրավասու հոգևորականի կողմից մատուցումը՝ խաթարելով հավատացյալների հոգևոր պահանջների իրացումը:

Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով»,–ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել է 29 հոգևորական։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին մասնակցելու է Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մատուցվելիք սուրբ և անմահ պատարագին։

Դեկտեմբերի 4–ին Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում չէր հերքել, որ ԱԱԾ ծառայողները հանդիպում են պատարագիչ քահանաների հետ՝ հորդորելով պատարագի ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը։ Նա հայտարարել է, որ մասնակցում է այն պատարագներին, որոնցում վեհափառի անունը չի հնչում։

Leave a Comment