Գյումրիում նախատեսված պատարագը կասկածի տակ է. Շիրակի թեմի քահանաները հրաժարվում են պատարագից․ ԶԼՄ

Հայաստանի իշխանությունները փնտրում են քահանայի, որը կցանկանա դեկտեմբերի 7-ին պատարագ մատուցել Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում («Յոթ վերք»), հայտնում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով աղբյուրին։

Հրատարակության համաձայն՝ Շիրակի թեմի ամբողջ դպրաց դասը, սարկավագները, քահանաները հրաժարվել են այս կիրակի պատարագ մատուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգով՝ առանց հիշատակելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը։

«Հավանաբար, իրենք իրենց «հարմար» քահանային, սարկավագներին ու դպիրներին իրենց հետ կբերեն «Յոթ վերք» եկեղեցի: Վերջիններս էլ պատարագը կմատուցեն՝ խախտելով կարգը, առանց հիշատակելու կաթողիկոսի անունը»,- գրում է կայքը։

Թերթը հավելել է, որ Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանը չի առաջնորդելու «Յոթ վերքում» տեղի ունենալիք պատարագը։

«Հրապարակ»-ին տված հարցազրույցում Շիրակի թեմի հոգևոր հովիվ Հուսիկ Գրիգորյանը նշել է, որ դրսից քահանա հրավիրելը հնարավոր է միայն Շիրակի թեմի առաջնորդ, կալանքի տակ գտնվող արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի թույլտվությամբ։

«Որքանով ինձ է հայտնի, նման թույլտվություն չկա։ Եթե ինձ բռնի հանեն եկեղեցուց, նշանակում է՝ բռնազավթելու նպատակ կա»,- թերթը մեջբերել է նրա խոսքերը։

Գրիգորյանը հավելել է, որ հոգևորականները կամավոր չեն հեռանա։ 

Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Վերջինը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Սարգիս եկեղեցում, որից հետո թե՛ Փաշինյանը, թե՛ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չէին պատասխանել Armenia Today-ի հարցին, թե ինչո՞ւ է զեղչվել վեհափառի անունը։ Փաշինյանը հաստատել էր տեղեկությունը, որ իր մասնակցությամբ պատարագներից առաջ պետական ու այլ մակարդակով, այդ թվում՝ Ազգային անվտանգության միջոցով, քահանաներին խնդրում են չհնչեցնել կաթողիկոսի անունը։

Նոյեմբերի 30-ին եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ Նրանց մեծ մասն ավելի վաղ ստորագրել էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսի հրաժարականը պահանջող հայտարարություն, ինչպես նաև մասնակցել էր Փաշինյանի հետ հանդիպմանը։

 

Leave a Comment