Նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը, որը սովորաբար համընկնում է Գովաբանության տոնի հետ, «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավանդաբար անցկացնում էր իր տարեկան հեռուստամարաթոնը:
Հրապարակ թերթը գրել է․ Նախկինում այս միջոցառումն անցկացվում էր ուղիղ եթերում, որը հեռարձակում էին գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, եւ այն տեւում էր 24 ժամ։ Թելեթոնը լայնորեն լուսաբանվում էր, նախապես անոնսավորվում, այնպես որ՝ հնարավոր չէր չհետեւել դրան: Մեծ թվով մարդիկ էին մասնակցում այդ եթերին, նախապես տեսանյութեր էին նկարահանվում, հայտնի մարդիկ էին խոսում, եւ դա դառնում էր համահայկական ուշագրավ իրադարձություն։
Այս անգամ Հանրայինի եթերում հիմնադրամի հեռուստամարաթոնն անցավ գրեթե աննկատ, տեւեց 6 ժամ, եթերն ուղիղ չէր, այլ՝ «մոնտաժված»: Մամուլն էլ այն չլուսաբանեց: Դրան հետաքրքրությամբ հետեւել են թերեւս միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին աշխատակիցները, որոնք արձանագրում են՝ ոչ մի թիվ, գումար, նվիրաբերությունների չափ եթերում չհնչեց: «Չեն ուզում թիվը հայտարարել, որովհետեւ փող չեն կարողանում հավաքել: Որոշել են ներկայացնել, որ կլոր տարին դրամահավաք են անելու: Դեկտեմբերին, հավանաբար, մի փոքր հաշվետվություն կտան, թե մարաթոնին ինչքան է հավաքվել»,- ասում է նրանցից մեկը:
Տպավորություն է, որ «Հայաստան» համահայկականն ամբողջությամբ փոխել է իր էությունն ու բնույթը: Ինչպես ասաց նախկին աշխատակիցներից մեկը՝ ««համահայկական» բառն արդեն չի աշխատում, փորձում են սրա-նրա միջոցով մանր-մունր ծրագրեր անել։ Ամեն տեղ ավերակ է հիմա»։ Նա եւ մեր մյուս զրուցակիցները չցանկացան հրապարակավ քննադատել հիմնադրամը՝ ասելով, որ մարդիկ էլի ինչ հնարավոր է, անում են, ինչը հեշտ չէ համահայկական այս անվստահության պայմաններում: Ռուսաստանի հայությունը, որ նախկինում ամենաակտիվ համայնքն էր, այսօր ոչ մի դրամ չի տալիս: Երկրների գրասենյակներն իրենց առանձին ծրագրերն են անում: Բայց համեմատություններ կատարելով նախկին ու ներկայիս ծրագրերի միջեւ, մեր զրուցակիցներն օգնեցին հասկանալ, թե ինչու է համայն հայությանն ընդհանուր մեծ նպատակների շուրջ միավորող այս կառույցն այսօր դարձել մի շարքային կառավարական ֆոնդ, ինչպես, ասենք, «Իմ քայլը» կամ «Սիթի օֆ սմայլը»:
Դա փաստում է նաեւ հիմնադրամը: Օրերս հաղորդեցին, որ մեկնարկել է ինչ-որ դրամահավաք-արշավ` Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար: Նույն հաղորդագրության մեջ կարդում ենք. «Ավանդական հեռուստամարաթոնի ձեւաչափին փոխարինել է հանրային, մշակութային գործիչների մասնակցությամբ հայրենիքի մասին մտորումների ու զրույցների շարքը: Իսկ դրանց ընթացքում ցուցադրվել է մոտիվացիոն երեք տեսաֆիլմ-ուղերձ, որոնք արտահայտում են հիմնադրամի նոր տեսլականը՝ որպես հայերի միավորման եւ հայրենիքի հավերժության ուղերձ` նկարահանված Սյունիքում եւ Սպանդարյան ջրանցքի ու ջրամբարի ավազանում»:
Այսպիսով, հիմնադրամի ղեկավարությունն ավանդական հեռուստամարաթոնը որոշել է փոխարինել բարեգործների հետ զրույցների շարքով՝ սյուժեներով, որոնք պատրաստելու է Հանրային հեռուստատեսությունը: Համայն հայությանն ապավինելու փոխարեն, այսօր հիմնադրամը փորձում է ներդրողներ գտնել՝ ուղիղ աղբյուրներ, որոնք ուղղակի փող կտան նոր ծրագրերի համար: Հաղորդվում է, որ նոյեմբերի 24-25-ին կազմակերպել են հաշվետու հանդիպում-քննարկում բանկային համակարգի եւ ՀՀ խոշոր ձեռնարկատիրությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, որը, ի դեպ, հոգաբարձուների թվում է:
Պետք է նկատել, որ «Հայաստան» համահայկականը սովորական կառավարական ֆոնդի վերածելն ակնհայտ ու բնականոն գործընթաց էր: Այն, որ նախկին պերճանքից ոչինչ չի մնացել, համոզվում ենք՝ ծանոթանալով հիմնադրամի պաշտոնական կայքէջին: Այն այնքան հին է, որ «Մեր մասին» բաժնում մինչ օրս Արցախի դրոշն է ծածանվում: Հոգաբարձուների խորհրդի կազմում էլ կարդում ենք Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի, ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի անունները: Ի դեպ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Նիկոլ Փաշինյանը նույնպես հոգաբարձուների խորհրդի անդամներ են, թեեւ վարչապետի վերջին տարվա ելույթներից ոչ մեկում «Հայաստան» համահայկական հիմնադրամը չի նշվել:
Հիմնադրամի կայքում տեղադրված վերջին հաշվետվությունը վերաբերում է 2024 թվականին, որի ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 5 մլն դոլար: Ծրագրերը փոքր են ու հատվածային: Արցախցիների համար 14 տուն կառուցվել է Լեռնագոգ համայնքում, 6 տուն՝ Ներքին Խնձորեսկում, Լճափ գյուղում բուժամբուլատորիա են կառուցել, Նոյեմբերյանում վերակառուցվել է Ն. Նասիբյանի անվան բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքը, Սեւանում երաժշտական դպրոց է կառուցվել, Գյումրիում են շենք կառուցել: Կան նաեւ ծրագրեր, որոնք ընթացքում են` ավարտված չեն: Դրանց չենք անդրադառնում, քանի որ թվարկվածից էլ պարզ է, որ նախկին հիմնադրամից, որը ճանապարհներ, մագիստրալներ, ջրագծեր, ոռոգման համակարգեր, հարյուրավոր դպրոցներ ու հիվանդանոցներ էր կառուցում, ամբողջական գյուղեր վերականգնում, ոչինչ չի մնացել: Վերջին մեծ ծրագիրը, որն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումն էր: Այն բացվեց 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ, եւ հիմնադրամի ամենախոշոր ծրագրերից էր՝ 17 մլրդ ընդհանուր արժողությամբ, իսկ գումարները հանգանակվել էին 2013 եւ 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում: Միշտ լինում էր մի մեծ ծրագիր եւ կողքից 20, 30, 40 այլ ծրագրեր՝ դպրոցաշինություն, գյուղապետարանների, ոռոգման ցանցերի կառուցում: Հիմա մեծ ծրագրեր չկան, կան փոքրեր:
Հիմնադրամն անգամ տնօրեն չունի՝ Հայկակ Արշամյանը նշանակվեց Հունգարիայում ՀՀ դեսպան: Այսօր հիմնադրամը ղեկավարում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը: Բայց լուրեր կան, որ շուտով տնօրեն կունենան: Խոսակցություններ են պտտվում, որ այդ պաշտոնին նշանակվելու է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգնական Արամայիս Ավետիսյանը:
Հայկական սփյուռքի առավել բարվոք վիճակում գտնվող հատվածը՝ ԱՄՆ հայ համայնքը, որը նախկինում ահռելի գումարներ էր փոխանցում հիմնադրամին, այսօր այլեւս չի կարողանում փող հավաքել, քանի որ պատերազմական 2020 թվականից հետո ամբողջությամբ կորել է վստահութունը «Հայաստան» համահայկականի նկատմամբ: Բյուջե մուտքագրված 100 մլն դոլարի համար, որը հիմնադրամի հաշվից փոխանցվել էր ՀՀ կառավարությանը, սփյուռքը ՀՀ իշխանություններին չի ներել: 44 օրում հիմնադրամի միայն ԱՄՆ կառույցը հավաքել էր մոտ 150 մլն դոլար: Այդ գումարից մոտ 70 միլիոնը փոխանցել է Հայաստան, 80 մլն դոլարը մնացել է: Հիմնադրամի նախկին աշխատողները պատմում են, որ այդ 80 մլն-ն ԱՄՆ մարմինը ներդրել է բաժնետոմսերի մեջ: «Դա օրենքով արգելված չէ, եւ ամեն տարի այդ գումարից գոյացած տոկոսով, որը տարեկան 3-5 մլն դոլար է, ամերիկյան գրասենյակը դրա մի մասով հոգում է իրենց այնտեղի գրասենյակի ծախսերը, մյուս մասն ուղարկում է Հայաստան»,- պատմում է հիմնադրամի նախկին աշխատակիցներից մեկը:
Հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղը եւս պասիվ է: Այս տարի ֆոնեթոնին 1,5 մլն եվրո է հավաքվել: Հնարավոր է, որ սրան գումարվեն կտակները: Վերջին մի քանի տարում Ֆրանսիայի հիմնադրամը կարողացել է մեծ թիվ ցույց տալ, բայց՝ կտակների հաշվին: Անցյալ տարի կտակների հաշվին 2-3 մլն էր ստացել հիմնադրամը: «Մարդիկ, ենթադրենք, 10 տարի առաջ իրենց ունեցվածքը կտակել են հիմնադրամին, հիմա մահանում են, ու այդ գումարները մուտք են արվում հիմնադրամ»,- բացատրեցին մեզ: Կարելի է ասել, որ 2020 թվականից հետո հիմնադրամի գումարները շեշտակիորեն կրճատվել են: Եթե նախկինում ամեն տարի 30-40 մեծահարուստ ահռելի գումարներ էր հանգանակում, ոմանք՝ անգամ 1 միլիոն դոլար, որ Արցախում ծրագրեր իրականացվեն, Հայաստանում ճանապարհներ կառուցվեն, ապա այսօր 100 հազար դոլար եւ բարձր նվիրատվություններ անողներն ընդամենը 2-3 հոգի են: Միայն Մոսկվայի «ճաշին» 20-30 հոգի էր մասնակցում, որոնք մեկ մլն դոլարից ավելի էին տալիս հիմնադրամին: Բայց այդ մարդիկ այլեւս Հայաստանի իշխանությանը չեն վստահում: Հիշենք, որ մինչեւ «թավշա հեղափոխությունը» «Հայաստան» համահայկական հիմնադրամը 9, 10, 16 մլն դոլար էր հավաքում, մի անգամ էլ Սամվել Կարապետյանի միջոցների հաշվին մոտ 25 մլն դոլար հավաքվեց։ Կարապետյանը նաեւ իր միջոցներից 30 մլն դոլար հատկացրեց Ստեփանակերտի հիվանդանոցի կառուցմանը:
2018 թվականին Կարապետյանը հիմնադրամին նվիրաբերել էր 2.8 մլն դոլար, այսինքն՝ 2024 թվականին հիմնադրամի ծրագրերի վրա ծախսած գումարների կեսից ավելին: Սրանք փաստեր են, որոնք այսօր մոռացության են տրվել: Փորձեցինք լսել «Հայաստան» համահայկական հիմնադրամում երկար տարիներ աշխատած Տիգրան Պասկեւիչյանի մեկնաբանությունը, թե ինչու է կորել հիմնադրամի նախկին փայլը: «Այս պահին հիմնադրամն իր ծրագրերով ամենակարեւոր խնդիրը չէ։ Երկրում ակնհայտորեն դրվում են բռնապետության հիմքերը, դրա մասին է պետք մտածել։ Ազատություն քաղբանտարկյալներին»,- ասաց նա: