6 դեկտեմբերի 2025 – 10:53 AMT
PanARMENIAN.Net – Միքայել, Բագրատ և Արշակ արքեպիսկոպոսները հանդես են եկել ուղերձով՝ արձագանքելով դեկտեմբերի 7–ին վարչապետի մասնակցությամբ Գյումրիի Յոթ վերք եկեղեցում կայանալիք պատարագին, որին Շիրակի թեմի ոչ մի քահանա չի համաձայնվել մասնակցել։
Նրանք նշել են, որ «Սուրբ Յոթ վերքը հրաշագործ է և զորավոր, չի՛ ներելու աստվածամարտներին»։
«Ի պատասխան տիրադավների
Տեղեկացանք, որ հայտնի անօրենները, իրենց գլխավորի ղեկավարությամբ՝ օգտագործելով իրենց կամակատար ուժային կառույցների միջոցները, անպատկառ հանդգնությամբ ծրագրել են առաջիկա կիրակի բռնազավթել Շիրակի թեմի Սբ Յոթ վերք առաջնորդանիստ եկեղեցին՝ այդ քայլով փորձելով պղծել ոչ միայն թեմի Մայր եկեղեցին, այլև մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը:
Ա. Նողկալի է անօրենների ոտնձգությունը առաջնորդանիստ եկեղեցու նկատմամբ, ինչին չեն դիմել անգամ թուրքական զորքերը 1918-ի և 1920-21-ի թուրքական օկուպացիայի ժամանակ, և ոչ էլ բոլշևիկները՝ նույնիսկ 1937-38 թվականններին:
Թող հիշեն հրոսակները. Սբ Յոթ վերքը հրաշագործ է և զորավոր. չի՛ ներելու աստվածամարտներին:
Բ. Հարյուրապատիկ խորշելի և զազրելի է այն տիրադավ հոգևորականը, ով կտրվի հուդայի գայթակղությանը և ազատազրկված իր եղբոր կամ հոր կանոնական տարածքում՝ աշխարհիկ բիրտ ուժի միջոցով, պատարագանման արարողություն կկատարի և հոգևոր ինքնասպանություն կգործի Տիրոջ Սբ Սեղանի առջև: Կրկնում ենք՝ վախեցե՛ք Աստծո պատժից՝ Սբ Յոթ վիրաց պատկերի միջոցով:
Գ. Մեր հիացմունքն ենք հայտնում Շիրակի թեմի օրինապահ քահանայից դասի առաքինի կեցվածքի հանդեպ, որ հակառակ կիրառված բռնաճնշումների և ահաբեկման միջոցներին, հավատարիմ իր ուխտին՝ շարունակում է հնազանդ մնալ Ազգիս Վեհափառ Հայրապետին և ապօրինաբար ազատազրկված իր առաջնորդին՝ հրաժարվելով որևէ զեղչում կատարել սրբազան տեքստում:
Դ. Հորդորում ենք մեր քահանայից դասին ու ժողովրդին՝ անտեղի հակառակության ու վեճի մեջ չմտնել ազգադավների ու տիրադավների հետ, այլ իրադարձությունների նման զարգացման դեպքում իրենց մաքրամաքուր աղոթքներն առ Աստված բարձրացնել թեմի մյուս եկեղեցիներում. փառք Աստծո՝ բազում են:
«Հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք, հույսո՛վ ուրախացեք, նեղությանը համբերե՛ք, հաճախակի աղոթե՛ք» (Հռոմ. ԺԲ 11-12)», ասվում է ուղերձում։
Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Գևորգյանի ուղեկցությամբ այցելել է ԱԱԾ մեկուսարան՝ հանդիպելու հոգևորականներին։ Նրանք տեսակցել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, սակայն Արշակ սրբազանի հետ թույլ չեն տվել հանդիպել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ցավոք, տեսակցությունները փակ են նույն խցում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ:
Սրբազան հայրերը հետևելով վերջին շրջանում կատարվող իրադարձություններին՝ շարունակում են վստահ լինել, որ մեր ինքնության, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը դատապարտված է ձախողման:
Վարչակարգի պարագլուխն անցնելով բոլոր սահմանները և վերազանցելով իր լիազորությունները՝ հիմա էլ ԱԱԾ-ի միջոցով է փորձում ստիպել հոգևորականներին, որպեսզի Պատարագի ժամանակ զեղչեն Վեհափառի անունը:
Այսպիսի ճղճիմ և հակաօրինական քայլերը բնորոշ են լեգիտիմությունն ու հանրային վստահությունը կորցրած, այլևս միայն ուժային կառույցներին ապավինող ռեժիմներին:
Բագրատ Սրբազանն իր շնորհակալությունն է հայտնել «Հաղթելով ինքներս մեզ» գրքի ներկայացման բոլոր մասնակիցներին: Իր հեղինակած գրքում սրբազանը մատնանշում է մեր հիմնախնդիրներն ու դրանց լուծման բանալիները:
Եպիսկոպոսաց ժողովի նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին, դատարանը քննելու է Բագրատ Սրբազանի մասնակցության և խափանման միջոցի փոփոխման հարցը:
Ազատությու՛ն մեր հոգևոր հայրերին, ազատությու՛ն քաղբանտարկյալներին»,-գրել է Դանիելյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է։ Որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։Նա ձերբակալվել էր դեկտեմբերի 4–ին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում։ Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Արշակ սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանն ասել էր, որ նրա դեմ ուղիղ ցուցմունք չկա։
ՀՀ քննչական կոմիտեից մանրամասներ են հայտնել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի (ավազանի անունը Սամվել Խաչատրյան, ՔԿ-ի հաղորդագրությունում ՝ Ս․ Խ) քրեական գործից: Նշվում է, որ Քննչական կոմիտեի նախագահը, ամփոփելով հիմնական մասնագիտական ստորաբաժանումների գործունեությունը, հանձնարարել է վեր հանել ու քննության առնել նախկինում չբացահայտված քրեական գործերը և ի թիվս այդ գործերի բացահայտվել է 2018-ին Մայր Աթոռի դիվանատանը մարիխուանա իրացնելու դեպք։